Ավստրալիան հաստատել է սոցցանցերի արգելքը մինչև 16 տարեկանների համար
Ավստրալիան կարգելի մինչև 16 տարեկան երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից. երկրի խորհրդարանը հաստատել է համապատասխան օրենքը, որն ամենախիստն է աշխարհում։
Այս մասին հաղորդում է BBC-ն։
Նոյեմբերի 28-ի երեկոյան օրինագիծը 34 կողմ, 19 դեմ ձայնով ընդունել է Սենատը։ Այնուհետև օրինագիծը վերադարձել է Ներկայացուցիչների պալատ, որտեղ ընդունվել է նոյեմբերի 29-ի առավոտյան:
Արգելքը, որն ուժի մեջ չի մտնի առնվազն 12 ամիս, կարող է տեխնոլոգիական ընկերություններին տուգանել մինչև 50 միլիոն ավստրալիական դոլարով (32,5 միլիոն դոլար), եթե նրանք չհետևեն օրենքին:Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզն ասում է, որ օրենսդրությունն անհրաժեշտ է երիտասարդներին սոցիալական մեդիայի «վնասներից» պաշտպանելու համար, ինչին արձագանքել են շատ ծնողական խմբեր:
Սակայն քննադատներն ասում են, որ դեռ անպատասխան են մնացել այն հարցերը, թե ինչպես կգործի արգելքը, և ինչպիսին կլինի դրա ազդեցությունը գաղտնիության և սոցիալական հաղորդակցության վրա:
Օրենսդրությունը չի հստակեցնում, թե որ սոցիալական հարթակները կարգելափակվեն։ Այդ որոշումը կընդունի ավելի ուշ Ավսրալիայի հաղորդակցությունների նախարարը։
Այնուամենայնիվ, նախարար Միշել Ռոուլանդը հայտարարել է, որ արգելքը կտարածվի Snapchat, TikTok, Facebook, Instagram և X սոցիալական ցանցերի վրա։
Արգելքը չի տարածվի խաղերի և հաղորդագրությունների հարթակների, ինչպես նաև այն կայքերի վրա, ուր մուտք գործելու համար օգտահաշիվ պետք չէ, օրինակ, ամենայն հավանականությամբ, YouTube-ի։
Ավստրալիան նախատեսում է տարիքը ստուգելու այնպիսի համակարգ, որը կարող է ներառել կենսաչափական տվյալներ կամ այլ նույնականացում՝ արգելքն իրագործելու համար։