Կոռուպցիոն երևույթների հետ առնչություն չեմ ունեցել. Ինձ շատ մարդկանց հետ կարող են կապել․ ՔԿ նախագահ
ՀՀ քննչական կոմիտեի նորանշանակ նախագահ Արթուր Պողոսյանը պատրաստ է ծառայել երկրին այնքան ժամանակ, քանի դեռ իր կարիքը կա։ Նա այս հայտարարությունն արեց կառավարության նիստից հետո` պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք պատրաստ է նման պայմաններում աշխատել՝ «Ֆեյսբուքով» նշանակվել, SMS-ով ազատվել պաշտոնից։
«Ես պատրաստ եմ ծառայել երկրին այնքան ժամանակ, քանի դեռ իմ կարիքը երկիրը, պետությունն ու ղեկավարությունն ունի»,- նշեց նա։
Անդրադառնալով հաջորդին հարցին, թե ինչ է անելու, որ ավելի լավ աշխատի, քան նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ Պողոսյանն ասաց՝ իր աշխատանքը հանրությունն է գնահատելու։ Հետո վստահեցրեց՝ իր աշխատանքը լինելու է տեսանելի ու շոշափելի։
«Եթե հանրության շրջանում արդարության զգացումը չլինի, ուրեմն բնականաբար խնդիր կա»,- ասաց նա։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ բազմաթիվ լուրեր են շրջանառվում ՔԿ-ի, այդ թվում՝ Արգիշտի Քյարամյանի անմիջական մասնակցությամբ իրականացված խոշտանգումների մասին, արդյոք այս մասով հետաքննություն լինելու՞ է։ Հակոբյանը նշեց՝ բոլոր հարցերն էլ հայտնվելու են իրենց ուշադրության կենտրոնում։
ՔԿ նորանշանակ նախագահը պնդեց, որ որևէ բանով կաշկանդված չէ, այդ թվում՝ ՔՊ-ականներին վերաբերող հարցերով։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ տեղեկություններ ունի
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի գործի վերաբերյալ, քանի որ լուրեր են պտտվում, որ Աղազարյանը միջնորդել է որդուն վերաբերող գործի հետ կապված, ու դա է նաև եղել Քյարամյանի պաշտոնից հեռացնելու պատճառը։
Պողոսյանը նշեց՝ տեղեկություններ չունի, Աղազարյանին առնչվող պատմության մասին մամուլի հրապարակումներից է ծանոթ։