Գևորգ Պապոյանը PR-ում է մի ընկերություն, որի վերաբերյալ փաստաթղթեր կեղծելու միջոցով խարդախություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթ կա
Նոյեմբերի 20-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն այցելել են «Եղվարդի նեկտար» ընկերություն՝ ծանոթանալու կազմակերպության արտադրական գործունեությանը և հաջողություններին։
Ըստ նախարարության՝ «Եղվարդի նեկտար» ընկերությունը հիմնադրվել է 1997 թ.՝ ընտանեկան ավանդական տնտեսության հիման վրա: Տարիների ընթացքում այն ձեռք է բերել զգալի աճ՝ դառնալով Հայաստանի առաջատար մեղվաբուծական ընկերություններից մեկը:
«Ընկերությունը ներկայում արտադրում է 15 տեսակի մեղր, սակայն նախատեսում է ընդլայնել արտադրանքի տեսականին՝ հասցնելով մինչև 50-ի։ Ընկերությունը տարեկան ապահովում է մինչև 50 տոննա մեղվամթերքի արտադրություն։ Արտադրանքն արտահանվում է Ֆրանսիա, ԱՄՆ և Չինաստան։ Նախատեսվում է նաև սկսել մեղրի հումքով ոգելից խմիչքների արտադրություն, մասնավորապես՝ մեղրի օղի, բրենդի, գինի և վիսկի»,- գրված էր նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նաև նշված էր, որ ընկերությունն օգտվել է «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության» պետական ծրագրից՝ ձեռք բերելով նոր սարքավորումներ, որոնք նպաստել են արտադրության ընդլայնմանը և արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև սերտորեն համագործակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ՝ «Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագրի» շրջանակում՝ հանդես գալով որպես մատակարար կազմակերպություն։
Էկոնոմիկայի նախարարությունը, իհարկե, կարող է շարունակել գլուխ գովել տեղական արտադրողներին աջակցելու իր ծրագրերով, բայց նախարար Գևորգ Պապոյանը որևէ բիզնեսի աջակցելուց, առավել ևս՝ նրանց այցելելուց ու PR-ելուց առաջ լավ կանի՝ ծանոթանա այդ բիզնեսի առնվազն մոտ անցյալին:
2024թ. օգոստոսի 30
Այդ օրը ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ ավարտվել է կեղծ փաստաթղթեր օգտագործելով, խարդախությամբ ապահովագրական ընկերությունից 1 միլիարդ 370 միլիոն ՀՀ դրամի հատուցում ստանալու փորձի վերաբերյալ քրեական վարույթի 3 անձի մասով նախաքննությունը:
«Կատարված նախաքննությամբ, ինչպես նաև ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված անհրաժեշտ գործողություններով փաստական տվյալներ են ստացվել, որ 1999թ. հիմնված, մեղվաբուծությամբ և դիետիկ սննդի արտադրությամբ զբաղվող ՍՊ ընկերության տնօրեն Գ.Մ.-ն (մահացել է 2021թ. նոյեմբերին), չունենալով տարեկան մեծ քանակություններով մեղր և դրան համապատասխան մայրակաթ արտադրելու համար անհրաժեշտ միջոցներ և կարողություններ, իր տնօրինման տակ գտնվող ՍՊԸ-ի անվան ներքո, իր ծանոթ՝ Բելգիայի Հանրապետության քաղաքացու միջոցով, 2021թ. մարտին Սուրինամի Հանրապետությունում գրանցված, սակայն առերևույթ Բելգիայում ներսենյակային դռների պատրաստմամբ զբաղվող ընկերության տնօրեն Ռ.Կ.-ի հետ կնքել է 2021թ. մայիսի-հունիս ընկած ժամանակահատվածում 19.170կգ քաշով և 1.370.000.000 ՀՀ դրամին համարժեք 2.938.622 ԱՄՆ դոլար արժեքով, 2% մայրակաթով բնական մեղր Սուրինամի Հանրապետություն մատակարարելու վերաբերյալ ձևական պայմանագիր և ապահովագրական ընկերությունից խարդախության եղանակով հափշտակություն կատարելու դիտավորությամբ պատրաստել բնական մեղրին փոխարինող 19 տոննա 170կգ. նյութ»,- նշված էր ՔԿ տարածած հաղորդագրության մեջ:
Նշված պայմանագրի հիման վրա Գ.Մ.-ն դիմել է ապահովագրական ընկերությանը՝ իբրև թե 2% մայրակաթով բնական մեղրը նշված արժեքով ապահովագրելու համար։
Ապահավոագրական ընկերությունը պահանջել է մի շարք փաստաթղթեր, որոնք ներկայացնելու համար ընկերության տնօրեն Գ.Մ-ն, իրավասու տարբեր մարմինների հետ համագործակցելով, դիմել է կեղծիքների, ինչից հետո նոր կազմվել են ապահովագրական փաստաթղթերը:
Քննությամբ պարզվել է նաև, որ Գ.Մ.-ն պատվիրել է մեղրի տեղափոխման համար չնախատեսված, հերմետիկ չփակվող և այդ տարողությամբ մեղրի համար սահմանվածից բարակ եզրապատերով թվով 710 տարա և դրանք լցրել բնական մեղր չհանդիսացող նյութով, ինչպես նաև բեռնափոխադրող ՍՊԸ-ին պատվիրել է առանց ջերմային կարգավորման կոնտեյներ՝ այն պարագայում, երբ բնական մեղրի պահպանման առավելագույն ջերմաստիճանը +20°C-ն է, իսկ օդի հարաբերական խոնավությունը՝ 80%-ից ոչ ավելի, որում տարաները դասավորել են առանց ամրակապման և բեռների փոխադրման համար սահմանված կանոնակարգերի խախտմամբ։
Ապա նշված բեռի արտահանման համար անհրաժեշտ, այդ թվում՝ կեղծված տվյալներով փաստաթղթերը ներկայացրել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոն, ապա նաև՝ ՀՀ անասնաբուժական հսկողության Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի ԳԾԿ ՊՈԱԿ, որոնցից տրամադրվել են համապատասխանության տեղեկանք, իրականությանը չհամապատասխանող անասնաբուժական սերտիֆիկատ, բնական մեղրի տեղափոխություն կատարելու համար անասնաբուժական վկայական։
Դրանից հետո ուղեբեռը ՀՀ-ից արտահանվել է և Սուրինամի Հանրապետություն է հասել գրեթե 2 ամիս անց՝ մինչև +31°C օդի ջերմաստիճանի պայմաններում, որտեղ, բացելով կոնտեյները, պարզվել է, որ ուղեբեռի շուրջ 75%-ը թափվել է, և պատվիրատուն հրաժարվել է այն ընդունելուց։
Դրանից հետո, Գ.Մ.-ն, կեղծիքի միջոցով, ապահովագրական ընկերություն է ներկայացրել մեղրի պահպանման առավելագույն ջերմաստիճանը «+20°C»-ի փոխարեն «+28°C» գրառմամբ կեղծ փաստաթուղթ և, քաջատեղյակ լինելով, որ մատակարարվող, կեղծ փաստաթղթերով ներկայացված ապրանքը 2% մայրակաթով մեղր չէ, 1.370.000.000 ՀՀ դրամի չափով հատուցման պահանջ է ներկայացրել։ Այսինքն՝ մոտ 3 միլիոն դոլար փող են ուզում ապահովագրական ընկերությունից մի ապրանքի դիմաց, որը տվյալ երկիր չի էլ ուղարկվել:
Սակայն վերաապահովագրող ընկերությունը պատվիրված փորձաքննություններով հաստատել է, որ արտահանված բեռի ամրակապումը կատարվել է բեռնափոխադրման կանոնակարգերի խախտմամբ, իսկ արտահանված բեռն իր բաղադրությամբ ոչ միայն 2%-անոց մայրակաթով մեղր չէ, այլ, ընդհանրապես, բնական մեղր չէ, ինչի արդյունքում հատուցման պահանջը մերժվել է:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Գ.Մ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով:
Դժվար չէ կռահել, որ ՔԿ հաղորդագրության հերոսն ու Գևորգ Պապոյանի այցելած ընկերությունը նույնն են՝ «Եղվարդի նեկտար»:
Այսինքն՝ էկոնոմիկայի նախարարը PR-ում է մի ընկերություն, որի վերաբերյալ կա քրեական վարույթ առ այն, որ նշված ընկերությունը, չունենալով նշված մեծ ծավալի, այդ թվում՝ մայրակաթով մեղր արտադրելու հնարավորություն, այսինքն՝ չունենալով համապատասխան թողունակություն, մեծ թվերի պայմանագրեր է կնքել ու հետո փորձել խարդախությամբ ապահովագրական ընկերությունից ստանալ հսկայական գումարներ՝ չկատարված պարտավորությունների ու մատակարարումների դիմաց:
Ստացվում է, որ կա՛մ Քննչական կոմիտեի հաղորդագրությունը չեն կարդացել ու իրազեկ չեն, ինչը խոսում է փնթի աշխատանքի ու աշխատանքի նկատմամբ անփույթ մոտեցման մասին, կա՛մ էլ լավ էլ գիտեն, բայց ընկերության տերերը կարողացել են դուրս գալ նախարարի վրա ու գովազդել իրենց, իսկ նախարարությունն էլ այնքան անճար է, որ մնացել է խարդախության գործով անցնող ընկերությունների հույսին:
Ի դեպ, 168.am-ի տեղեկություններով՝ այս գործով անգամ արդեն դատական նիստեր կան նշանակված: