Հնդկաստանի ԱԳՆ-ն կշարունակի աջակցել ուկրաինական խնդրի կարգավորման երկխոսության սկզբունքին
Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանքարն Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի հետ հանդիպմանը հաստատել է Հնդկաստանի աջակցությունն ուկրաինական հակամարտության կարգավորման երկխոսության և դիվանագիտության սկզբունքներին։
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին նա գրել է X հարթակում Հռոմում կայացած «Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային համաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումից հետո։
«Մտքերի օգտակար փոխանակում մեր երկկողմ համագործակցությունն առաջ մղելու համար: Վերահաստատվեց Հնդկաստանի աջակցությունը երկխոսությանն ու դիվանագիտությանը»,- գրել է հնդիկ նախարարը Սիբիգայի հետ բանակցությունների մասին։
Ավելի վաղ ելույթ ունենալով Հռոմում կայացած համաժողովում՝ Ջայշանքարը նշել էր, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը հրատապ պահանջ է, և որ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ վերադառնալ երկխոսությանն ու դիվանագիտությանը։ Նրա խոսքով՝ հնդիկ պաշտոնյաները մշտապես կապի մեջ են Ռուսաստանի և Ուկրաինայի հետ ուկրաինական հակամարտությունը կարգավորելու ուղիներ փնտրելու համար։