Ֆինլանդիայում կարող են քննարկել հակահետևակային ականներից հրաժարվելու մասին կոնվենցիայից դուրս գալու հնարավորությունը
Ֆինլանդիայի պաշտպանության ուժերի հրամանատար Յանե Յակոլան առաջարկել է քննարկել հակահետևակային ականներից հրաժարվելու Օտավայի կոնվենցիայից դուրս գալու հարցը: Առաջարկությունը հնչել է նոյեմբերի 23-ին MTV News Extra հեռուստաալիքի լրատվական ծրագրում:
«Անվտանգության միջավայրը զգալիորեն փոխվել է 2012 թվականից հետո, երբ Ֆինլանդիան հրաժարվել էր հակահետևակային ականներից՝ միանալով Օտավայի կոնվենցիային»,- հայտարարել է Յանե Յակոլան:Նրա դիտարկմամբ՝ ստեղծված իրավիճակը դրդում է պատրաստվելու ռազմական ուժի կիրառմանը: Յակոլան նաև գտնում է, որ միաժամանակ անհրաժեշտ է քննարկել պաշտպանական նոր տեխնոլոգիաների հարցը։
«Ես կքննարկեի ոչ միայն հակահետևակային ականները, այլև բոլոր մյուս տարբերակները, որոնք կարող են օգտակար լինել Ֆինլանդիայի անվտանգության և պաշտպանության զարգացման համար»,- հայտարարել է հրամանատարը։
Օտավայի կոնվենցիան, որը հայտնի է նաև «Հակահետևակային ականների օգտագործման, պաշարների կուտակման, արտադրության և փոխանցման արգելքի և դրանց ոչնչացման մասին կոնվենցիա» պաշտոնական անվանմամբ, ընդունվել է 1997 թվականի սեպտեմբերի 18-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի մարտի 1-ին:
Այսօրվա դրությամբ կոնվենցիային միացել է ավելի քան 160 երկիր: Պայմանագրին չեն միացել մի շարք պետություններ, այդ թվում՝ Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Ռուսաստանը և ԱՄՆ-ը: