Նյու Դելին արգելել է հնդիկ նավաստիներին աշխատանքի տեղավորել Հորմուզի նեղուցով անցնող նավերում
Հնդկաստանը կարգադրել է նավատերերին և կադրային գործակալություններին զերծ մնալ հնդիկ նավաստիներին այն նավերում աշխատանքի ներգրավելուց, որոնք անցնում են Հորմուզի նեղուցով։ Այս մասին հուլիսի 16-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Մինչև հաջորդ կարգադրությունները՝ արգելվում է հնդիկ նավաստիներին աշխատանքի տեղավորել այն նավերում, որոնք նավագնացություններ են իրականացնում Հորմուզի նեղուցով»,- հայտարարել են Հնդկաստանի նավագնացության գլխավոր վարչությունից։
Ոլորտը կարգավորող մարմնից պարզաբանել են, որ նավերի վրա վերջերս տեղի ունեցած հարձակումները զգալիորեն մեծացրել են այն ռիսկերը, որոնց բախվում են հակամարտության գոտում գտնվող նավաստիներն ու առևտրային նավերը։
Գերատեսչությունը նաև կոչ է արել նավապետերին առավելագույնս զգոն լինել Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում և հարակից ջրերում տիրող անվտանգային իրավիճակի նկատմամբ։
Ավելի վաղ Միջազգային ծովային կազմակերպությունը հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքում լարվածության նոր ալիքի ֆոնին Հորմուզի նեղուցը չափազանց վտանգավոր է դարձել նավերի համար։

