Ֆրանսիայում տիրող շոգի պատճառով կաթնամթերքի արտադրության 30% անկում է սպասվում
Անոմալ շոգը ճգնաժամի է հանգեցրել Ֆրանսիայի գյուղատնտեսության ոլորտում։ Հատկապես տուժում է կաթնամթերքի արտադրությունը. ճյուղի կորուստները կարող են կազմել 20%-ից մինչև 30%։ Այս մասին հուլիսի 16-ին հայտնել է France Info հեռուստաալիքը՝ հղում անելով Ֆրանսիայի ֆերմերական արհմիությունների ֆեդերացիայի (FNSEA) նախնական գնահատականներին։
«Ֆրանսիական ֆերմաներում տիրող տրամադրությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա։ <…> Սա իսկական աղետ է ֆրանսիական տնտեսությունների համար»,- հայտարարել է FNSEA-ի նախագահ Արնո Ռուսոն՝ մեկնաբանելով ողջ երկրում տիրող երկարատև երաշտը, շոգն ու անտառային խոշոր հրդեհները։
Նշելով, որ գյուղատնտեսության բոլոր ճյուղերն են բախվել ճգնաժամի, իսկ որոշ շրջաններում բերքն ամբողջությամբ ոչնչացվել է տապից, Ռուսոն մատնանշել է նաև շարունակվող տնտեսական խնդիրները։ Նրա խոսքով՝ տարեսկզբից ի վեր պարարտանյութերի գներն աճել են շուրջ 30%-ով, մինչդեռ գյուղմթերքի գները շարունակում են մնալ ռեկորդային ցածր մակարդակի վրա։
Ստեղծված իրավիճակի պատճառով Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է մոտ 150 միլիոն եվրոյի օգնություն հատկացնելու մասին, որի տրամադրումը կսկսվի օգոստոսի 1-ից։ Ֆերմերների ներկայացուցիչները նաև կոչ են արել իշխանություններին ոլորտի աջակցության միջոցառումների շուրջ ավելի սերտ երկխոսություն սկսել։
Մահացության մոնիտորինգի եվրոպական համակարգի՝ հուլիսի 13-ի տվյալների համաձայն՝ Եվրոպայում առնվազն 10 հազար մարդ է մահացել էքստրեմալ շոգի պատճառով, որը հունիսի վերջին պատել էր մայրցամաքի արևմտյան հատվածը։ Տվյալները հավաքագրվել են եվրոպական 27 երկրների մահացության ազգային վիճակագրությունից հունիսի 22-ից 28-ն ընկած շաբաթվա համար, երբ շոգն իր գագաթնակետին էր հասել Ֆրանսիայում, Իսպանիայում, Միացյալ Թագավորությունում և այլ երկրներում։
Gas Infrastructure Europe-ի՝ հուլիսի 14-ի տվյալները վկայում են, որ Ֆրանսիան անոմալ շոգի ֆոնին հուլիսի սկզբին կտրուկ մեծացրել է պահեստարաններից գազի սպառումը։ Ֆրանսիայի կողմից պահուստների օգտագործման ծավալներն անհամեմատ ավելի բարձր են եվրոպական մյուս երկրների համեմատ, որոնք նույնպես բախվել են երկարատև շոգ եղանակին։

