Հնդկաստանը վերստին ցանկանում է միանալ «Իրան-Պակիստան» գազատարին

IRIB News-ի փոխանցմամբ`Հնդկաստանը բանակցություններ է վարում Իրանի հետ` մասնակցելու համար Իրան-Պակիստան-Հնդկաստան (IPI) գազատարի նախագծին: Այս մասին հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության նախարարության ներկայացուցիչ Ալիռեզա Նիկզադ-Ռահբարը:

Հնդկաստանը դեռ 2007 թվականին բոյկոտել էր տվյալ նախագծի շուրջ պաշտոնական բանակցությունները` անվտանգության խնդիրների պատճառով: Ընդ որում, Իրանն ու Պակիստանն արդեն իսկ պայմանագրեր են ստորագրել երկկողմ հիմքով տվյալ նախագիծը (Իրան-Պակիստան) իրագործելու համար:

Հնդկաստանը ցանկանում է, որ Իրանը պատասխանատվություն կրի խողովակաշարի 1035 կիլոմետրանոց պակիստանյան հատվածի անվտանգության համար և զգուշացրել է, որ վճարում կանի միայն այն վառելիքի դիմաց, որը կհասցվի պակիստանա-հնդկական սահման:

Հիշեցնենք, որ «Իրան-Պակիստան» գազատարի  նախագիծն առաջարկվել է դեռ 2005 թվականին: Ըստ դրա՝ 2700 կիլոմետր երկարությամբ այդ խողովակաշարը պետք է Իրանից Պակիստանի տարածքով ձգվի դեպի Հնդկաստան:

Կանխատեսվում է, որ խողովակաշարը կգործարկվի 2014 թվականին: Իրանն արդեն իսկ տարածքում կառուցել է խողովակաշարի իր հատվածը՝ 900 կիլոմետր: Գազատարի կառուցումը գնահատվում է 1.2-1.5 միլիարդ դոլար: Այն հնարավորություն կտա օրական 21.5 միլիոն խորանարդ մետր գազ արտահանել Պակիստան:

Տեսանյութեր

Լրահոս