Բաժիններ՝

Կրեմլը հարստացված ուրանի՝ ԱՄՆ արտահանման սահմանափակումներն անվանել է համաչափ պատասխան

Ռուսաստանի կողմից սահմանված ժամանակավոր սահմանափակումները հարստացված ուրանի՝ ԱՄՆ արտահանման նկատմամբ, պատասխան քայլ է և վնաս չի պատճառում ՌԴ շահերին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Խոսքը համաչափ պատասխանի մասին է, և իսկապես արգելք է սահմանվել, բայց այն դեպքերում, երբ դա համապատասխանում է մեր շահերին, ՌԴ տեխնիկական և արտահանման հսկողության դաշնային ծառայությունը կարող է որոշումներ կայացնել արգելքների այս ցուցակից բացառման վերաբերյալ։ Դրանով էլ այժմ կառաջնորդվենք: Ուստի այստեղ մեր շահերին որևէ վնաս պատճառելու մասին խոսք չկա», – Պեսկովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նա հիշեցրել է, որ համապատասխան հանձնարարությունն այս տարվա սեպտեմբերին տվել է ՌԴ նախագահը։«Այստեղ գլխավորն այն է, որ դա պետք է լիովին համապատասխանի մեր շահերին և վնաս չհասցնի սեփական շահերին: Այդպես էլ արվել է», – ասել է Պեսկովը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ կառավարությունը հարստացված ուրանն ԱՄՆ արտահանելու ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել։ Խոսքը Միացյալ Նահանգներ հարստացված ուրանի արտահանման կամ ԱՄՆ-ում գրանցված անձանց հետ կնքված արտաքին առևտրային պայմանագրերի մասին է։

Որոշումն ընդունվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից 2024-2027 թվականների համար մտցված սահմանափակման, իսկ 2028 թվականից՝ ռուսական ուրանային արտադրանքի ներմուծման արգելքի, նշվում է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս