Նախարար Ժաննա Անդրեասյանը մոլորեցնող համեմատություն է անում դպրոցաշինության վերաբերյալ. Civilnet

CivilNet. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում հայտարարել է, որ վերջին երեք տարում Հայաստանում դպրոցների կառուցման և նորոգման ծավալները գերազանցում են նախորդ 25 տարվա ցուցանիշները:

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում նախարարը ներկայացրել է, որ կառավարության նոր ծրագրի շրջանակներում սկսվել են 223 դպրոցի շինարարական աշխատանքներ՝ դրանք համեմատելով 1991-2017թթ. կառուցված 192 դպրոցի հետ:

«1991-2017թթ. ընթացքում Հայաստանում 192 դպրոց է կառուցվել […] 2021-2024 թթ. մենք մեկնարկել ենք և ընթացքի մեջ են 223 դպրոցի կառուցման, հիմնանորոգման կամ նորոգման աշխատանքներ: […] Միայն 3 տարում ծավալն ահռելի է՝ ավելին, քան նախորդ ավելի քան 25 տարվա ընթացքում»,- ասել է Անդրեասյանը:

#CivilNetCheck-ը ուսումնասիրել է Հայաստանում դպրոցաշինության տվյալները և պարզել, որ նախարարի պնդումը մոլորեցնող է:

Նախարարը համեմատում է անհամեմատելին

ԿԳՄՍ նախարար Անդրեասյանն իր խոսքում համեմատել է անհամադրելի տվյալներ: Խոսելով 1991-2017թթ. մասին՝ նա հիշատակել է միայն նոր կառուցված 192 դպրոցների թիվը, մինչդեռ 2021-2024թթ. ցուցանիշում ներառել է թե՛ կառուցվող, թե՛ հիմնանորոգվող և թե՛ ընթացիկ վերանորոգվող՝ ընդհանուր 223 դպրոցները:

Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում ներկայում նախատեսված 223 դպրոցից 183-ում նոր շենքեր են կառուցվում, 17 դպրոցում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ, իսկ 23-ում կատարվում են ընթացիկ նորոգման աշխատանքներ։

Սակայն, ըստ կառավարության վերջին տվյալների, այս ծրագրի շրջանակում մինչ օրս ավարտին են հասցվել ընդամենը 35 դպրոցի շինարարական աշխատանքները, որոնցից 21-ը նոր կառուցված շենքեր են, իսկ մնացածը՝ հիմնանորոգված և վերանորոգված։ #CivilNetCheck-ի՝ ԿԳՄՍ նախարարությունից ստացած վիճակագրական տվյալների համաձայն՝ 1991-2017թթ. շահագործման է հանձնվել 283 դպրոց, որից 192-ը՝ նոր կառուցված շենքերում:

Նույն ժամանակահատվածում իրականացվել է նաև 231 դպրոցի հիմնանորոգում և 477 դպրոցի ընթացիկ վերանորոգում: Այսպիսով, նշված տարիներին ընդհանուր առմամբ իրականացվել է 991 դպրոցաշինական աշխատանք, սակայն նախարարն իր ելույթում հիշատակել է միայն նոր կառուցված 192 դպրոցների թիվը։ Ավելին՝ նախարարը համեմատության մեջ է դրել տարբեր բնույթի տվյալներ. եթե 1991-2017թթ. պարագայում խոսքը վերաբերում է արդեն իրականացված աշխատանքներին, ապա 2021-2024թթ. ցուցանիշները ներառում են նաև դեռևս չավարտված ծրագրերը:

Փաստացի, վերջին երեք տարիների ընթացքում կառուցվել է ընդամենը 21 նոր դպրոց՝ ի տարբերություն նախարարի հիշատակած «նախկին 25 տարվա ընթացքում» նոր կառուցված 192 դպրոցների:

Տեսանյութեր

Լրահոս