Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կվերազինվի հակահրդեհային, օդափոխության և էլեկտրական ժամանակակից համակարգերով

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 15-ի նիստի ժամանակ հաստատել է 1,34 մլրդ դրամ բյուջետային վարկի տրամադրումը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի օդափոխության, հակահրդեհային և էլեկտրական համակարգերի արդիականացման նպատակով։

Այս մասին հայտնում են Պետական գույքի կառավարման կոմիտեից (ՊԳԿԿ), ընդգծելով, որ համալիրն իր բացառիկ նշանակությամբ Հայաստանի մշակութային խորհրդանիշներից մեկն է: 

«Տարածաշրջանում իր մրցունակությունը պահպանելու և բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է, որ այն համապատասխանի միջազգային չափանիշներին՝ ապահովելով այցելուների ու միջոցառումների անվտանգությունն ու հարմարավետությունը:

Համալիրում ավելի քան 40 տարի գրեթե լայնածավալ կապիտալ վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել, ուստի ֆինանսական միջոցների հատկացումը թույլ կտա վերազինել նշված համակարգերը` նպաստելով տարածքի բազմաֆունկցիոնալ օգտագործմանը և եկամտաբերությանը»,- նշված է ՊԳԿԿ-ի տարածած հաղորդագրության մեջՆախագիծը միտված է նաև համալիրի հետագա ինքնաֆինանսավորման հնարավորությունների ապահովմանը՝ պայմաններ ստեղծելով եկամուտների և զուտ շահույթի աստիճանական մեծացմանը:

Տեսանյութեր

Լրահոս