Իսրայելական ինքնաթիռները հարվածել են «Հեզբոլլահ»-ի երեք օբյեկտի Բեյրութի հարավային ծայրամասում
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել շիաների «Հեզբոլլահ» կազմակերպության երեք օբյեկտի Լիբանանի մայրաքաղաքի հարավային ծայրամասում։
Լիբանանի քաղաքացիական պաշտպանության ծառայության աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ հուժկու պայթյուններ են տեղի ունեցել Ղոբեյրիի և ալ Շիայի շրջաններում։ Հարվածի վայրից երկինք են բարձրանում թանձր ծխի քուլաներ:
«Ռմբակոծության սկսվելուց մոտ մեկ ժամ առաջ Իսրայելի ռազմական հրամանատարության ներկայացուցիչը սոցցանցերում նախազգուշացում է հրապարակել առաջիկա ավիահարվածների մասին, բնակելի թաղամասերում մնացած մարդիկ տարհանվել են», – նշել է աղբյուրը։
Իր հերթին «Հեզբոլլահ»-ն իր ռազմական տեղեկատվական ծառայության Telegram ալիքում հրապարակված ամփոփագրում հայտնել է, որ կազմակերպության ջոկատները հարձակվել են Իսրայելի ռազմական հետախուզության բազայի վրա Թել Ավիվի մերձակայքում։
«Դիմադրության ուժերն առաջին անգամ ճշգրիտ հրթիռներով գնդակոծել են Իսրայելի ռազմական հետախուզության Թել Հայիմ բազան, որը պատկանում է թշնամական իսրայելական բանակի ռազմական հետախուզական դիվիզիային, որը գտնվում է…. Թել Ավիվում», – ամփոփագրից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև ռազմական էսկալացիայի սկզբից ի վեր երկրում իսրայելական ռմբակոծությունների և հրետակոծությունների հետևանքով զոհվել է շուրջ 3200 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 14 000-ը, նրանց մեծ մասը՝ վերջին երկու ամսում։