«Ռուսներին դեմ էին, բայց ադրբեջանցիներին արտոնյալ պայմաննե՞ր են տալիս». Հայկ Խալաթյան

«Պայմանականորեն, Հայաստանի իշխանությունների մոտ այսպիսի սկզբունք կա, որ՝ եթե որևէ հարցում պետք է Ռուսաստանի աջակցությունը մեզ, ավելի լավ է մենք զիջման գնանք Ադրբեջանին, միայն թե Ռուսաստանից օգնություն չխնդրենք: Այս գործընթացը որևէ լավ բանի չի տանելու, հաշվի առնելով նույն Ալիևի վերջին հայտարարությունները»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը:

Նա նկատեց՝ Ռուսաստանի գլխավոր նպատակն Ուկրաինայում հաղթանակ տանելն է, կենտրոնացած են այդ ուղղությամբ. «Մտածում են՝ եթե հաղթեն Ուկրաինայում, էական չէ՝ Փաշինյանն ու Ալիևն ինչ են խոսում այս պահին, լրիվ այլ կերպ են Երևանն ու Բաքուն վերաբերվելու Մոսկվայից հնչող առաջարկներին: Երկրորդ տարբերակն այն է, որ կա 3+3 ձևաչափը, և երեք մեծ երկրներն ինչ որոշեն՝ փոքր երկրները, այսպես թե այնպես, ենթարկվելու են այդ որոշումներին: Բայց նաև չեմ բացառում, երբ ռուսական սովորությամբ դանակը հասնի ոսկորին՝ որոշեն ու շատ կտրուկ հարցը լուծեն, դա էլ է շատ բնորոշ ռուսական քաղաքական մոդելին»:

Հայկ Խալաթյանը նշեց, որ Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունների պարագայում Ռուսաստանը կարող էր Ադրբեջանի հետ սահմանին ռուս զինվորներին կանգնեցնել կամ որոշակի ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա. «Իհարկե, կարող եք ասել, որ 2022-ին դա այդքան էլ չօգնեց Հայաստանին, բայց Հայաստանի իշխանությունները փորձել են, կոպիտ ասած, ռուսական կողմին գցել՝ Արևմուտքի խորհրդով: Դա խարկովյան ռուսական անհաջողություններից հետո էր, երբ ասում էին՝ Ռուսաստանը պարտվում է, պետք է նետվել դեպի Արևմուտք, բայց մենք տեսանք, որ դա չօգնեց: Ռուսաստանը չի պարտվում, ավելին՝ հիմա հաղթում է, ԱՄՆ-ում Թրամփի թիմակիցներն են ասում, նույնիսկ եվրոպացիներն են ասում, որ Ուկրաինան պետք է զիջի, պատերազմը պետք է ավարտվի, և այլն: Ռուսական կողմը շատ անձնավորված է քաղաքականություն վարում, որևէ վստահություն չունի Հայաստանի իշխանությունների հանդեպ: Այս պայմաններում, եթե ՌԴ-ի հետ ավելի լավ հարաբերություններ ունենայինք… Նույն Լավրովի ասածն ինչի՞ մասին էր, որ՝ մի շտապեք, այն ճանապարհով մի գնացեք, որ Արևմուտքն է հիմա առաջարկում, կարող եք ստանալ ավելի լավ թե՛ սահմանազատում, թե՛ սահմաններ»:

Ըստ նրա՝ Ադրբեջանը փորձում է հասնել հայկական գործոնի ամբողջական չեզոքացման տարածաշրջանում. «Նրանք իրենց կամքով խաղաղության պայմանագրի ստորագման կգնան միայն այն պարագայում, երբ վստահ լինեն, որ այդ ստորագրված պայմանագիրը թույլ է տալիս իրականացնել իրենց այդ գլխավոր նպատակը կամ ամրապնդում է այդ նպատակին հասնելը: Եթե դա չի կատարվում, Ադրբեջանը կնախընտրի այս ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ վիճակը պահպանել, որպեսզի անընդհատ ճնշում գործադրի հայկական կողմի վրա, սալյամիի քաղաքականությամբ՝ նոր զիջումներ՝ նոր ձեռքբերումներ: Բաքվից տեսնում են, որ մի կողմից Հայաստանն իր ավանդական դաշնակիցների հետ հարաբերությունները փչացնում է, միևնույն ժամանակ, չի ձեռք բերում նորերին»:

Կարդացեք նաև

Հայկ Խալաթյանը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը հպարտությամբ հայտարարում է, թե մոտ են կոմունիկացիաների հարցի լուծմանը. «Նույնիսկ իրենք չեն թաքցնում, որ Ադրբեջանն ստանալու է արտոնյալ ռեժիմ իր քաղաքացիների և բեռների համար: Բա ասում էին՝ սուվերենություն, և այլն: Հիմա ստացվում է, որ եթե Ադրբեջանը միջանցքին մոտ կարգավիճակով ճանապարհ է ստանում, բայց անունը չեն դնում միջանցք, դրանով մեր սուվերենությունը պահպանո՞ւմ ենք: Ստացվում է, որ ռուսներին դեմ էինք, որովհետև դա մեր սուվերենության հարցն է, բայց երբ Ադրբեջանը, չգիտես՝ ինչու, ստանում է արտոնյալ պայմաններ՝ բեռներ և քաղաքացիներ տեղափոխելու, մինիմումի հասցնելու հայկական վերահսկողությունը, դա մեր սուվերենության պահպանո՞ւմ է նշանակում»:

Հարցին՝ այս իրավիճակում Ռուսաստանն ի՞նչ կարող է անել, նա պատասխանեց. «Ռուսաստանը կա՛մ պետք է բացահայտ գնա ճնշումների Հայաստանի նկատմամբ, կա՛մ ընդունի ներկայիս դասավորվածությունն ուժերի: Նույն խնդիրն Իրանի պարագայում է. եթե Հայաստանն ինքն է հանձնում միջանցքը, Իրանն ի՞նչ է անելու, կամ նույն Ռուսաստանն ի՞նչ պետք է անի: Ռուսաստանն ունի միջոցներ, բայց նրան բնորոշ չէ բացահայտ ճնշումների գնալ: Էլի եմ ասում, ռուսական սպեցիֆիկային մոտ է, որ երբ գործընթացը մոտենա ավարտին, կարող են իրենց սովորության համաձայն՝ սկսեն շատ ռադիկալ, էմոցիոնալ և անկանխատեսելի ձևերով, իրենց պատկերացմամբ՝ փորձեն լուծել խնդիրը, թե դա ինչ հետևանքներ կունենա Հայաստանի համար, չգիտեմ: Նույն ուկրաինական վիճակը դա է ցույց տալիս. Կարող են անհասկանալի քաղաքականություն վարել, հետո վերջում էքստրեմալ հնարավոր ավարտով փորձեն շտկել իրավիճակը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս