«Ադրբեջանի հետ աշխատանքը շարունակվում է ավելի կառուցողական մթնոլորտում». Արարատ Միրզոյան
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ համաձայն է այն պնդումների հետ, որ հարկ վճարող, արարող մարդիկ հերոսներ են։
«ՀՀ այդ նույն քաղաքացին 2018 թվականի ժողովրդավարական հեղափոխությունից հետո հնարավորինս հստակ ու թափանցիկ գիտի` որտեղ են ծախսվում իր վճարած հարկերը։ Նա դա տեսնում է դպրոցների ու մանկապարտեզների, ճանապարհների շինարարության մեջ, ուսուցիչների, թոշակառուների աշխատավարձերի բարձրացման մեջ։ Մեր քաղաքացին մեզանից հաշիվ կպահանջի կամ կգնահատի մեր գործունեությունը գալիք՝ 2026 թվականի ամռանը տեղի ունեցող ընտրություններին»,- նշեց Արարատ Միրզոյանը։
Այնուհետև Արարատ Միրզոյանը հիշեց, որ ԱԳ նախարար է և պետք է անդրադառնա այդ ոլորտին՝ ընդգծելով՝ երևի ճիշտ չէ, որ ինքը շատ խոսի այդ մասին, քանի որ պարտավոր է սահմանափակվել իր ոլորտին վերաբերող դատողություններով։
«Մեր թիվ մեկ առաջնահերթությունը ՀՀ անվտանգության ապահովումն է, արտաքին քաղաքական, ներդաշնակ ու համերաշխ միջավայրի ստեղծումն է, կարող եք նաև ենթադրել՝ տարածաշրջանում առաջին հերթին մեր հարաբերությունների կարգավորմանը և լավացմանն է ուղղված մեր արտաքին քաղաքականությունը»,- նշեց Արարատ Միրզոյանը։
Ըստ նրա, հենց այս մասին է վկայում իշխանության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որի պարագայում առաջին հերթին նկատի ունեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև կապուղիների և երկաթուղու ապաշրջափակումն ու վերագործակցումը։ Սրա շուրջ ինտենսիվ բանակցություններ են ընթանում։
«Իհարկե, առաջնահերթությունը, եթե կուզեք շատ մասնավորեցնել՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն է, այստեղ հնարավոր կապուղիների մասով, հնարավոր զարգացումներին արդեն անդրադարձա։ Ընթացիկ տարում մենք ունեցել ենք էական ձեռքբերում՝ ստորագրել ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև երբևէ գոյություն ունեցող առաջին միջազգային իրավական փաստաթուղթը՝ սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն է:
Երկու երկրների հարաբերությունների համատեքստում կա խաղաղության պայմանագիրը, այստեղ դեռևս մնացել են մեկ-երկու ձևակերպումներ, որոնց շուրջ աշխատանքները շարունակվում են, ավելի ինտենսիվ, քան նախորդ շրջանում, ես կասեի՝ ավելի համագործակցաբար ու ավելի կառուցողական մթնոլորտում։ Ես կուզեի զգուշավոր լավատեսություն հայտնել, որ մենք իսկապես շատ մոտ ենք նրան, որ կունենանք վերջնական համաձայնեցված խաղաղության տեքստ»,- շեշտեց Արարատ Միրզոյանը, որը գրեթե նույնանման հայտարարություններ անում է ԱԺ հերթական բոլոր նիստերի բոլոր չորեքշաբթի օրերին։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում