Հրեատյացներն անկարգություններ են կազմակերպել Ամստերդամում
Մի քանի տասնյակ պաղեստինամետ երիտասարդներ նոյեմբերի 11-ի երեկոյան անկարգություններ են կազմակերպել Ամստերդամի արևմտյան շրջանում։ Ինչպես հաղորդել է ոստիկանությունը, իրավախախտները ջարդուփշուր են արել ավտոմեքենաներ և հեծանիվներ, ինչպես նաև ճայթռուկներ նետել փողոցում փոխադրամիջոցների վրա։ Դրա հետ մեկտեղ նրանք բացականչել են «Ազատություն Պաղեստինին» կարգախոսը։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Բացի այդ, վանդալները գրոհել են տրամվայի վրա։ Նրանք կոտրել են ապակիները, ճայթռուկներ նետել ու փորձել այրել այն։ Ուղևորներին հաջողվել է փրկվել։Ինչպես հաղորդում է գերմանական ntv լրատվական հեռուստաալիքը, ուշ երեկոյան հարաբերական անդորր է հաստատվել։ Ոստիկանությունը մի շարք ձերբակալություններ է իրականացրել։ Տեղեկատվության հրապարակման պահին հնարավոր տուժածների մասին տվյալներ չեն եղել։
Նոյեմբերի 7-ին պաղեստինամետ դիմակավորված անձինք իսրայելական «Մաքաբի Թել Ավիվ» ակումբի և նիդեռլանդական «Այաքսի» միջև ֆուտբոլային մրցախաղից հետո հարձակվել էին իսրայելցի երկրպագուների վրա։ Չարագործները նաև փորձել են ներխուժել հյուրանոցներ, որտեղ իսրայելցիներ են եղել:
Տեղի ունեցածն Իսրայելում հակասեմական ջարդ են անվանել. Ամստերդամի քաղաքապետ Ֆեմկե Հալսեման հայտարարել է հակասեմականության «պայթյունի» մասին, ինչպիսին արդեն «վաղուց չէր եղել»։
Նոյեմբերի 10-ին Ամստերդամում կրկին պաղեստինամետ ցույց է անցկացվել, որի ժամանակ շուրջ 100 մարդ է ձերբակալվել։Ամստերդամում իսրայելցի երկրպագուների վրա տեղի ունեցած հարձակումների պատճառով Փարիզի ոստիկանությունը նոյեմբերի 14-ին կայանալիք Ֆրանսիա-Իսրայել ֆուտբոլային խաղի համար կտեղակայի 4000 ոստիկանի։