ԲՐԻԿՍ-ի 4 կարևոր երկրների հետ հակաթուրանական սեպ դառնալը շատ օգտակար կարող է լինել. Դավիթ Անանյան

«Ես կարծում եմ՝ ԲՐԻԿՍ-ին միանալու նպատակահարմարության հարցի քննարկում Հայաստանի կառավարությունում տեղի չի էլ ունեցել»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար, տնտեսագետ Դավիթ Անանյանը:

«Եթե դու տնտեսական առումով պլանավորում ես լինել որևէ կազմակերպության անդամ, ապա դա պետք է անես առնվազն 2050-2075թթ. հեռանկարով: 2050թ. այսօրվա 117 տրիլիոնի փոխարեն՝ համաշխարհային ՀՆԱ-ն գնահատվում է 227 տրիլիոն: ԲՐԻԿՍ-ի այսօրվա 10 երկրները 227 տրիլիոնի մոտավորապես 39%-ն են թողարկելու՝ 86 տրիլիոն: G7-ի երկրների գլոբալ խումբը (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Կանադա, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա) թողարկելու է 27%-ը: 2050թ. համաշխարհային տնտեսության առաջատարների եռյակը հետևյալ տեսքն է ունենալու՝ Չինաստան, ԱՄՆ, Հնդկաստան:

Չինաստանն ու Հնդկաստանը ԲՐԻԿՍ-ի անդամ են Իրանի ու Ռուսաստանի հետ միասին: Սրանք այն 4 երկրներն են, որոնց հետ Հայաստանի տնտեսական ու քաղաքական կապերը շատ ամուր պետք է լինեն:

Չինաստանն ունի Մետաքսի ճանապարհը: Դրա մի շատ կարևոր հանգույց Իրանով է գալու, և եթե ինչ-որ ժամանակ հետո մենք ունենանք Հյուսիս-Հարավը, այդ կտորն աշխատելու է թե՛ Մետաքսի ճանապարհի համար, թե՛ Հյուսիս-Հարավի՝ դեպի Սանկտ Պետերբուրգ գնացող վերջնարդյունքի համար:

Կարդացեք նաև

Եթե անգամ տեսականորեն ընդունենք, որ Միջին միջանցքն աշխատելու է, Հյուսիս-Հարավն ու Միջին միջանցքը Հայաստանի տարածքում են հատվելու, իսկ դրա հիմնական շահառուներն են լինելու Հնդկաստանը, Չինաստանը, Իրանն ու Ռուսաստանը: Հետևաբար՝ տնտեսական առումով ԲՐԻԿՍ-ի շատ կարևոր 4 երկիր, որոնց հետ ունես նաև ռազմաքաղաքական համագործակցություն, բնական գործընկեր են դառնում մեզ համար՝ որպես հակաթուրանական երկրներ»,- իրավիճակը ներկայացրեց Դավիթ Անանյանը:

Վերջինս շեշտեց նաև՝ կարծում է՝ ՀՀ իշխանությունը ոչ թե չի քննարկել, այլ իրենց թույլ չեն տվել ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ ներկայացնել հակաԲՐԻԿՍական երկրները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս