Այո, արտաքին պատվեր կա. Դավիթ Անանյանը` Երևան-Գյումրի ճանապարհի, Մաստարա և Մարգարա անցակետերի մասին

«Արտաքին պատվեր, այո՛, կա, և դրանք ապացուցվում են այն գործընթացներով, որոնք արվում են այս իշխանությունների կողմից։ Եվ եթե Դուք նշում եք Երևան-Գյումրի սահմանային ճանապարհի շինարարությունը (Երևան-Գյումրի-ՀՀ պետական սահման ճանապարհի,- հեղ.), չպետք է մոռանալ նաև Մաստարայի սահմանային անցակետի կառուցումը, որը շատ արագ տեմպերով տեղի ունեցավ, և, ըստ էության, հիմա մենք ունենք շատ լավ կահավորված սահմանային մաքսային անցակետ։ Դա կապված էր Թուրքիայի հետ ձեռք բերված նախնական համաձայնության հետ, որ իբր երրորդ երկրների դիվանագետներն ազատ ելումուտ ունենան»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար, տնտեսագետ Դավիթ Անանյանը:

Ըստ նրա՝ ժամանակ առ ժամանակ ներկայացվում են պահանջներ թե՛ Արևմուտքի, թե՛ Եվրոպայի կողմից՝ որպես տարածաշրջանային ոստիկան կարգված Թուրքիայի կողմից։ Բացի դրանից, նաև որոշակի հետախուզական հանձնարարականներ են ժամանակ առ ժամանակ իջեցվում ՀՀ այս իշխանություններին, որոնց կատարման ընթացքի որակի և պատրաստակամության ուսումնասիրության արդյունքում նրանք համոզվում են, թե էլ ինչի են ունակ ու ինչի են պատրաստ Հայաստանի այսօրվա իշխանությունները։

«Հայաստանի այսօրվա իշխանություններն արդեն իրենց վեկտորն ունեն։ Իրենք թեքվել են դեպի Թուրքիա, և եթե, օրինակ, կառավարության ղեկավարն իր անձնական հովանավորությունը փնտրում է Էրդողանի հետ իր անձնական շփումների զարգացման շրջանակներում, ապա նաև տարածաշրջանային ասողների առումով այսօրվա իշխանություններն ընդունում են թուրք-ադրբեջանական տանդեմի գերակայությունը։ Այո՛, թուրք-ադրբեջանական հանձնարարականներ իջնում են, որոնք ունեն որոշակի կողմնորոշիչ նշանակություն, և կան գլոբալ պահանջներ, որոնց իրականացմանն այսօր նախապատրաստում են հայաստանյան ժողովրդին»,- նկատեց Դավիթ Անանյանը։

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի խոսքով՝ Շիրակի մարզի համապետական ճանապարհով, համենայն դեպս, տեսանելի ապագայում բեռների և ուղևորների շարժ տեղի չի ունենալու, քանի որ Թուրքիան նախապայմաններ ունի դրված Հայաստանի առջև։

Կարդացեք նաև

«Այնպես որ, մեր տեսանկյունից՝ այդ ճանապարհի նշանակությունը տեսանելի չէ։ Եթե վերցնենք Թուրքիայի տեսանկյունից, բնականաբար, այդ ճանապարհի շինարարության անհրաժեշտությունը կա։ Դա ունի ցուցադրական նշանակություն հանձնարարականի կատարման առումով, որովհետև մոտ ապագայում այդ ճանապարհը ծանրաբեռնված չի գործարկվելու։ Եթե վերադառնանք նախնական, պրեզենտացիոն տարբերակին, «Խաղաղության խաչմերուկում» Հայաստանի սահմանները 7 տեղից պետք է հատեին տարբեր ճանապարհներ։ 3-4 տեղից պետք է բացվեր ադրբեջանական ճանապարհային հանգույց, նույնքան էլ՝ Թուրքիայի կողմից։

Մեկն էլ Շիրակի հանգույցն էր։ Մաստարայի հանգույցի կառուցման մեջ միմիայն արտաքին գործոն կար։ Այն 2 երկրների՝ Թուրքիայի և Հայաստանի բանագնացներ Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբինյանի կողմից նախնական համաձայնությամբ է կառուցվել։ Ինչպես նշեցի՝ հայ-թուրքական կողմերը համաձայնվել էին, որ բացում են սահմանը երրորդ երկրների դիվանագետների համար, և շատ արագ կահավորեցինք մեր մաքսակետը, ճանապարհները։ Այսինքն` դա ոչ թե տնտեսական, այլ քաղաքական նպատակահարմարությամբ էր, այն էլ՝ կեղծ։ Իսկ դրա նպատակները հանրությանը հայտնի չեն»,-եզրափակեց Դավիթ Անանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս