«Հյուսիսային հոսքի» մասին Թրամփի բառերը հնչել են նախընտրական մրցավազքի թեժ ժամանակ. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները, այդ թվում՝ «Հյուսիսային հոսքի» վերաբերյալ, արվել են «նախընտրական մրցավազքի թեժ ժամանակ»: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում ասել էր, որ հենց ինքն է «ոչնչացրել» «Հյուսիսային հոսք 2» նախագիծը՝ Ռուսաստանն ու Գերմանիան կապող գազատարը, և որ ԱՄՆ-ն դարձել է «հիմարների երկիր», որը ղեկավարվում է «հիմարների» կողմից։
«Դե, հավանաբար, այդ նախընտրական մրցավազքի թեժ պայքարի շրջանակում ենք լսում նշված հայտարարությունները։ Դժվար է հասկանալ, միգուցե իմաստ ունի այդ հարցն ուղղել այս թեկնածուի նախընտրական շտաբին», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Նախագահի պաշտոնին հավակնում են նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Հանրապետական կուսակցությունից և փոխնախագահ Քամալա Հարիսը՝ Դեմոկրատական կուսակցությունից։