Ցինիզմի գագաթնակետն է. Արարատ Միրզոյանի՝ Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու հայտարարությանն ինչ ասես, կարող է հաջորդել. Հայկ Մամիջանյան
«ԱԺ «Պատիվ ունեմ» և Հայաստան» խմբակցությունները նախաձեռնելու են հրատապ նիստ, որի նպատակն է առաջարկել ԱԺ-ին ընդունել հայտարարություն, որն ուղղված կլինի Հայաստանի կառավարիչներին, միջազգային հանրությանը և Ադրբեջանին՝ կապված Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների, ռազմաքաղաքական առաջնորդների վերադարձի հարցի հետ: Տեսնենք, թե ինչպես ՔՊ-ն իրեն կպահի՝ հայ գերիների վերադարձի վերաբերյալ հայտարարության քննարկման և ընդունման համատեքստում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Առնվազն զարմանալի կլինի, եթե ՀՀ ԱԺ-ն չընդունի հայ գերիների վերադարձի վերաբերյալ հայտարարությունը»,- ընդգծեց նա:
Հայկ Մամիջանյանն անդրադարձավ խորհրդարանում Արարատ Միրզոյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ արած հայտարարությանը. «Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարն ասում է, որ նման առաջնահերթություն ՀՀ-ն չունի: Իմ ամենաատելի արտահայտությունը վերջին 6 տարիների ընթացքում դարձել է «բա, որ ասում էինք»-ը: Երբ տարիներ առաջ ասում էինք, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն գալիս են իշխանության՝ Արցախը հանձնելու և Ցեղասպանության հարցը մոռացության մատնելու համար, հիմա երկուսն էլ իրողություն են՝ Արցախը հանձնված է, իսկ Ցեղասպանության ճանաչման հետ կապված՝ ՀՀ ԱԳ նախարարն ասում է, որ նման առաջնահերթություն ԱԳՆ-ն չունի»:
Հարցին՝ երբ ԱԳ նախարարն ասում է, որ Ցեղասպանության հարցն առաջնահերթություն չէ, դա ի՞նչ է ենթադրում, նա պատասխանեց. «Վերջին 6 տարում Ցեղասպանության ճանաչման հետ կապված ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել Հայ դատի, ազգային կուսակցությունների, անհատների աշխատանքի շնորհիվ, իրենք ոչ մի բան չէին էլ անում: Ուղղակի, հայտարարել, որ չեն անելու, դա արդեն ցինիզմի գագաթնակետն է: Այսինքն՝ ՀՀ ԱԳ նախարարը ՀՀ ԱԺ շենքում հայտարարում է՝ Ցեղասպանության ճանաչման հարցն իրենց օրակարգում առաջնահերթություն չէ, դրան ինչ ասես կարող է հետևել: Դա դավաճանության հասնող ցինիզմ է»:
Հայկ Մամիջանյանը լավ չի պատկերացնում, թե էլ ինչ ազգային օրակարգերից են հրաժարվելու ՔՊ-ականները. «Կարո՞ղ է իրենք դիմեն ՅՈՒՆԵՍԿՕ-ին և հայտարարեն, որ Արցախում մնացած հայկական մշակութային և կրոնական կոթողներն անհրաժեշտ չէ պաշտպանել, որովհետև դրա ուղղությամբ էլ բան չեն անում»:
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի խոսքով՝ Արարատ Միրզոյանի հայտարարության խնդիրն այն քաղաքական մեսիջն է, որը փոխանցվում է Թուրքիային և աշխարհին:
Հարցին՝ ի՞նչ հայտարարություն էր ուզում լսել Արարատ Միրզոյանից, նա պատասխանեց. «Արարատ Միրզոյանից ես ուզում եմ լսել այն նույն նախադասությունները, որ ուզում եմ լսել Նիկոլ Փաշինյանից՝ չստացվեց, հեռանում ենք: Բայց անհրաժեշտ է ընկալել, թե սա ինչ մեսիջ է փոխանցում: 6 տարի ոչինչ չի արվել, բայց գոնե անվտանգության ռազմավարության, կառավարության ծրագրում գրված էր, հիմա հայտարարվում է, որ դա առաջնահերթություն չէ: Ուզում եմ բոլորս հիշենք՝ մինչև 2018 թվականը, մասնավորապես՝ 100-րդ տարելիցին ընդառաջ ինչքան բան է արվել: Եվրոպայի իշխող ԵԺԿ կուսակցությունը՝ կուսակցական դիվանագիտական խողովակներով ընդունեց բանաձև Ցեղասպանության հետ կապված, որն իրականում բավական հեշտացրեց հայ դիվանագետների աշխատանքը եվրոպական երկրներում»:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությանը, նա նկատեց. «Շատ երկրների օրենսդիրներ, անհատ պատգամավորներ, քաղաքական գործիչներ հայտարարություններ են տարածել COP-29-ի հետ կապված, որոնք վերաբերում են Ադրբեջանում մարդու իրավունքներին, հայ գերիներին, ագրեսիային, ՀՀ տարածքում ադրբեջանցի զինյալների գտնվելուն և այլնին: Ամենաթարմը Եվրախորհրդարանն է: Եթե հանկարծ մենք չներկայացնեինք այդ հայտարարությունը, իշխանությունները համարում էին, որ դա նորմալ է, որ ամբողջ աշխարհը խոսի դրանից, իրենք ո՞չ»:
Մանրամասները՝ տեսանյութում