Տնտեսություն և փող. Պապոյանը՝ Ցեղասպանության հարցը փակելու հարցի մասին
Տասնամյակներ շարունակ Հայաստանում սխալ քաղաքականություն է վարվել, այդ թվում` դպրոցական դասագրքերի մակարդակով։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` անդրադառնալով ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի այսօրվա այն հայտարարությանը, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը իրենց համար արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ։
Պապոյանի խոսքով` ՀՀ արտաքին քաղաքականության համար թիվ մեկ առաջնահերթությունը պետք է լինի Հայաստանի անվտանգային միջավայրի ապահովումը, որտեղ շատ մեծ նշանակություն ունի տնտեսությունը։
«Դա է պատճառը, որ ձեզ համար խորթ է այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում։ Մեր երկրի բոլոր դժբախտությունների պատճառն այն է, որ ՀՀ քաղաքացիները, ցավոք սրտի, տասնամյակներ շարունակ կերակրվել ենք ինչ-որ բաներով, որի արդյունքում տեղի է ունենում պետության կորուստ։ Դասագրքի մեջ ամենակարևոր բաները որո՞նք են, որ երեխաները պետք է սովորեն։ Իհարկե, պետության, բյուջեի, կառավարման համակարգի, տնտեսության, բիզնեսի մասին պատկերացումները»,- ասաց Պապոյանը։
Նա ընդգծեց, որ տասնամյակներ շարունակ տնտեսությունը, ներդրումները արտաքին քաղաքական բլոկի համար չեն եղել առաջնահերթություն։
«Իմ կարծիքով` ամեն դեսպանի առաջ ամենակարևոր խնդիրը պետք է լինի, թե ինչքան ներդրում կարող ենք ավելացնել այդ երկրի հետ առևտրատնտեսական հարաբերություններում։ Պետք է գիտակցենք, որ անվտանգային հարցը լուծվում է այն ժամանակ, երբ ինվեստիցիա է գալիս, երբ տնտեսությունը զարգանում է։ Ոչ մի հարց չի լուծվի, քանի դեռ տնտեսությունը պատշաճ մակարդակի վրա չէ»,- ասաց նա։
Նախարարն ընդգծեց, որ երբ տնտեսության հարցը լուծվի, այն իր հետ կլուծի անվտանգության, մշակույթի, կրթության, առողջապահության, երկրի միջազգային դիրքի հետ կապված հարցերը։