Արցախի պաշտպանություն՝ ի հեճուկս Հայաստանի իշխանության

Հոկտեմբերի 22-ին Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) լիագումար նիստում քննարկվել է «Ադրբեջանում քաղաքական իրավիճակը և մարդու իրավունքների խնդիրները» բանաձևը, որի քվեարկությունը կայանալու է հոկտեմբերի 24-ին։

Հայաստանին ուղղակիորեն չառնչվող այս քննարկումը հերթական անգամ բացահայտել է Հայաստանի՝ որպես պետության, սնանկությունն ու այդ պետության արտաքին քաղաքական թշվառությունը։ Այդ նիստում եվրոպացի պատգամավորների կողմից հնչել են բազմաթիվ ելույթներ, որոնք Ադրբեջանին դատապարտել են ոչ միայն երկրի ներսում մարդու իրավունքների ոտնահարման, քաղաքական ազատությունների սահմանափակման, այլ նաև ու առավելապես Արցախի նկատմամբ էթնիկ զտման քաղաքականություն իրականացնելու, արցախահայերին բռնի տեղահանության ենթարկելու համար։

Այդ ելույթներից մի մասի հեղինակներն Ադրբեջանից պահանջել են ապահովել արցախահայերի՝ արժանապատվորեն ու անվտանգ Արցախ վերադառնալու իրավունքը, դատապարտել են Ադրբեջանին հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու համար, կոչ են արել Եվրոպական առաջնորդներին բոյկոտել նոյեմբերին Բաքվում կայանալիք COP-29 գագաթնաժողովը։

Եվրոպական խորհրդարանի  նիստերի դահլիճում մի քանի ժամ հնչել են առնվազն արցախահայերի իրավունքները պաշտպանող, արցախահայերի վերադարձի իրավունքը քաղաքական օրակարգում ներառելուն նպաստող բազմաթիվ ելույթներ, որոնք, իհարկե, չունեն իմպերատիվ նշանակություն և մեծ հավանականությամբ տեղ չեն գտնելու Եվրամիության գործադիր իշխանության՝ Եվրահանձնաժողովի աշխատանքում ու մնալու են խորհրդարանական քաղաքականության մակարդակում։ Կարելի է, իհարկե, մեղադրել կամ քննադատել եվրոպացիներին՝ խորհրդարանական տիրույթում հայամետ դիրքորոշումներ արտահայտելու, արցախահայերի իրավունքների մասին խոսելու, իսկ գործադիր իշխանության հարթությունում՝ գրեթե ամբողջությամբ ադրբեջանամետ քաղաքականություն վարելու համար։

Կարդացեք նաև

Բայց իրականությունն օբյեկտիվ գնահատելու համար անհրաժեշտ է դրան նայել նաև եվրոպացիների, նույն Եվրոպական խորհրդարանի հայամետ կամ ոչ հայամետ պատգամավորների տեսանկյունից։ Նրանք՝ յուրաքանչյուրը իրենց, իրենց ներկայացրած կուսակցությունների շահերից ելնելով՝ այդուհանդերձ հանդես են գալիս արցախահայերի, նրանց վերադարձի իրավունքի պաշտպանության դիրքերից։ Այն դեպքում, երբ ժամանակին պաշտոնապես Արցախի երաշխավոր համարվող Հայաստանի (մինչև օրս էլ գործող ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգում այդ կարգավիճակն ամրագրված է) խորհրդարանի իշխող կուսակցության անդամներից որևէ մեկի կողմից նման բովանդակությանն անգամ մոտ, արցախահայերի վերադարձը որպես քաղաքական առաջնահերթություն ամրագրող ելույթ չի հնչել արդեն շուրջ 3 տարի։

Այսինքն՝ Հայաստանը ոչ միայն գործադիր իշխանության մակարդակում է ամբողջությամբ հրաժարվել Արցախի հարցից, արցախահայերի վերադարձի իրավունքը որպես քաղաքական օրակարգի առաջնային հարց դիտարկելուց, այլ անգամ խորհրդարանական մակարդակում չի բարձրաձայնում այդ մասին։ Ահա այս պայմաններում եվրոպացի խորհրդարանականներն անգամ կարող են ծիծաղելի վիճակում հայտնվել և առնվազն հեգնանքի արժանանալ հենց Ադրբեջանի կողմից, որի ներկայացուցիչները նրանց ուղղակի կհանդիմանեն՝ հղում անելով հայ պաշտոնյաների լռությանը, կամ, օրինակ, ԱԺ նախագահի՝ ադրբեջանական շահերը ներկայացնող հայտարարությունները։

Այլ խոսքով, ցանկացած եվրոպացի պատգամավորի ադրբեջանցիները կարող են հանդիմանել՝ «ի՞նչ եք ուզում մեզանից, եթե Հայաստանի իշխանությունը պաշտոնապես հրաժարվել է իր հայրենակիցների իրավունքներից և այդ հարցում մեզանից որևէ պահանջ չունի»։

Հայաստանի արտաքին քաղաքականությունը ոչ միայն չի օգտվում միջազգային հարաբերություններում առաջացող հնարավորություններից, ոչ միայն դրանք չի ծառայեցնում հայկական շահերի առաջմղմանը, այլ հակառակը՝ իր գործողություններով նպաստում է այն աղետների խորացմանը, որոնց դեմ պայքարում են եվրոպացի մեր իրական և այլ բարեկամները, որոնք գուցե ելնում են  սեփական քաղաքական նպատակներից։ Եվ զարմանալի չէ, որ մինչև եվրոպացիները կոչ են անում բոյկոտել COP 29-ը, ՀՀ իշխանությունները դեռևս քննարկում են Բաքու գնալ-չգնալու հարցը։

Մյուս կողմից, իհարկե, անկախ ՀՀ պաշտոնյաների մեկնելուց, Բաքվում հայկական COP 29-ում բոլորը զգալու են հայկական իշխանության հետքը, քանի որ այդ միջոցառումն Ադրբեջանում հնարավոր է դարձել հենց Հայաստանի իշխանության համաձայնության շնորհիվ։  

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս