Կովերն անցել են թշնամու տարածք, հայ սահմանապահները 14 կովից 12-ը կարողացան վերադարձնել, 2-ը ադրբեջանական կողմը չի տվել. Ներքին Խնձորեսկի բնակիչ
Նախորդ շաբաթվա սկզբին Սյունիքի մարզի սահմանամերձ Խնձորեսկ գյուղի բնակիչ Գարիկ Մանգասարյանը հայտնել էր, որ իր 14 կովերը հոկտեմբերի 10-ից կորել են։ Ձորակից, որտեղ 30 տարուց ավելի Գարիկ Մանգասարյանն արածացնում է անասուններին, հոկտեմբերի 10-ի կեսօրից հետո կովերն անհետացել էին։ Դեռ այս ժամանակ Գարիկ Մանգասարյանը կասկածներ էրհայտնել, որ կովերին չէին կարող գողանալ, կովերը չէին կարող գյուղ գնալ ու կորել, հետևաբար՝ անասուններն անցել են թշնամու հսկողության տակ հայտնված տարածք։
Մի քանի օր որոնումներից հետո հայ սահմանապահները հայտնել են, որ կովերն իսկապես անցել են թշնամու հսկողության տակ հայտնված տարածք։
Այսօր առավոտյան Գարիկ Մանգասարյանը 168.am-ին փոխանցեց, որ իր կասկածները տեղին էին.
«Հայ սահմանապահները կարողացան բանակցել, կովերին հետ բերել, բայց 14 կովից 12-ն են բերել, 2-ն ադրբեջանական կողմը չի տվել, ասել է՝ մեր մոտ չեն։ Բայց իրենց մոտ է հաստատ, կա՛մ վաճառել են, կա՛մ մորթել, միսն իրար մեջ բաժանել են»։
Ըստ նրա, հայ սահմանապահներն են բանակցել ադրբեջանցի զինվորների հետ, հավանաբար տեղեկություններ են ունեցել, որ կովերն անցել են նրանց հսկողության տակ, ադրբեջանցի զինվորներն էլ, ելք չունենալով, վերադարձրել են։
«Ադրբեջանցի զինվորները միշտ դրոն-մրոններ են բաց թողնում, երևի տեսել են կովերին, բայց չեմ կարծում, որ եկել, ձորակից տարել են։ Կովերը երևի արածելով անցել են նրանց հսկողության տակ, ասում եմ՝ տվեք, ձեր դրոնները նայեմ, որ կողմ են գնացել, որ ձեր կողմ չեն եկել, չեն տվել։
Էլի գոհ եմ, որ գոնե այս 12-ը հետ բերեցինք, որովհետև ադրբեջանական կողմից մի քանի անգամ ասել էին՝ իրենց մոտ չէ, բայց դե, մեր սահմանապահները պնդել էին, որ նրանց մոտ է»,- նշեց մեր զրուցակիցը։
Գարիկ Մանգասարյանի խոսքով՝ այսուհետև կրկին կովերին արածացնելու է նույն ձորակում, սակայն ավելի ուշադիր կլինի, որպեզի նորից չանցնեն այնտեղ։
«Երկու կովերը որ չեն տվել, ես մոտ 1 մլն 100.000 դրամի վնաս եմ կրել, այսինքն՝ հիմա մեկ կովը մի 550.000 դրամ է։ Սրա մասին այդքան էլ շատ չեմ մտածում, որովհետև գոնե 12-ը հետ բերեցին սահմանապահները, ինձ տվեցին»,- եզրափակեց Գարիկ Մանգասարյանը։