«Հայ սահմանապահներն ինձ ասում են՝ մեր տեսախցիկը ձորակում չի նկարում, բա եթե չի նկարում, էլ ինչո՞ւ եք այդտեղ կանգնած, բա որ անասուն չլիներ, մարդ լիներ, պետք է այսպես գնար ու անհետանա՞ր»
Սյունիքի մարզի սահմանամերձ Խնձորեսկ գյուղի բնակիչ Գարիկ Մանգասարյանի 14 կովերը հոկտեմբերի 10-ից կորել են։ Ձորակից, որտեղ 30 տարուց ավելի Գարիկ Մանգասարյանն արածացնում է անասուններին, հոկտեմբերի 10-ի կեսօրից հետո կովերն անհետացել են, տարածքն ամբողջությամբ ստուգել են։ Մանգասարյանը կարծում է՝ 14 կովերն անցել են թշնամու հսկողության տակ հայտնված տարածքում։
168.am-ի հետ զրույցում Գարիկ Մանգասարյանն ասաց, որ հոկտեմբերի 10-ին Խնձորեսկի ամբողջ բնակչությունը խմբերի է բաժանվել ու փնտրել է կովերին՝ կովերը չկան։
«Կարծում եմ՝ կովերն անցել են սահմանը, ու թշնամու վերահսկողության տակ հայտնված տարածքում են, որովհետև ամբողջ տարածքը մենք մանրակրկիտ նայել ենք։ Կովերի հետքերը տանում են թշնամու պոստերը, նրանց դիտակետը։ 16 կով է եղել, 2-ը մնացել են, 14-ը կորել են, 30 տարուց ավելի՝ ես իմ սեփական անասուններին այդ ձորակում եմ արածեցնում, նման դեպք չէր եղել։ Սա փորձանք էր իմ գլխին, որովհետև այդ կովերն իմ միակ ապրուստի միջոցն է»,- նշեց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ Խնձորեսկում վերջին 3-4 տարիների ընթացքում դեպք է եղել, երբ բնակիչների ոչխարներն են անցել թշնամու հսկողության տակ գտնվող տարածք, սակայն Խնձորեսկի նախկին վարչական ղեկավար Երվանդ Մալունցի բանակցությունների շնորհիվ թշնամին դրանք վերադարձրել է։ Դեպք է եղել նաև, երբ գյուղի բնակիչների ձիերից են անցել։
Գարիկ Մանգասարյանի խոսքով՝ կովերը միշտ ցրվել են ձորակում ու տարբեր տարածքում արածել են, երբ կովերը կորել են, առաջին մի քանի ժամը մտածել է, ամեն մեկը մի տարածքում է, կհավաքվեն, սակայն ժամեր անց նկատել է, որ կովերի հետքը չկա։
«Ես իմ երեխաներին, թոռներին այդ կովերի շնորհիվ եմ պահում, փոքր թոռներ ունեմ, արդեն քանի օր է՝ նրանց համար կաթն առնում ենք։ Ինձ ապրելու այլ միջոց չունեմ, գյուղում աշխատանք էլ չունենք։
Իհարկե, 2020 թվականից հետո դժվարացել է անասնապահությունը, քանի որ չենք կարողանում ընդլայնվել, հեռու տանել կովերին, բայց դե, էլի անասուն պահում ենք։
Վարկեր ու ապառիկներ ունեմ, այդ կովերի հույսին ենք վերցրել։ Նույնիսկ պարտքով անասնակեր եմ առել, որ կաթը վաճառեմ, պարտքերս փակեմ, բայց արի՝ տես, կանգնել եմ այսպիսի մեծ փաստի առաջ։ Ոստիկանություն, մարզպետարան, համայնքապետարան դիմում գրել եմ, չգիտեմ՝ ինչ կանեն։ Ես չեմ կարողանում մի մարդ գտնեմ, որ գնան Ադրբեջանի հետ բանակցնեն, հասկանանք՝ այդ անասուններն ո՞ւր են։
Հայ սահմանապահ են կանգնած, գնացել եմ, ինձ ասում են՝ մեր տեսախցիկը ձորակում չի նկարում, բա եթե չի նկարում, էլ ինչո՞ւ եք դուք այդտեղ կանգնած։ Բա որ անասուն չլիներ, մարդ լիներ, պետք է այսպես գնար ու անհետանա՞ր։ Խնձորեսկը սահմանապահ գոտի է, եթե սահմանապահին բերում-կանգնեցնում են այստեղ, բայց նա կանգնում է զուտ կանգնելու համար, ինչո՞ւ են բերում։ Անտերություն է, էլի, ես չեմ ասում՝ ինձ փող տվեք, ինձ իմ կովերը թող գտնեն վերադարձնեն»,- ընդգծեց նա։
Գորիսի համայնքի գյուղատնտեսության և հողօգտագործման բաժնի գլխավոր մասնագետ Էդիկ Մինասյանի խոսքով՝ մեծ է հավանականությունը, որ կովերը սահմանն անցել են։
«Մանգասարյան Գարիկն արդեն դիմում գրել է կովերի անհետացման վերաբերյալ։ 80 տոկոսով համոզված եմ, որ կովերն անցել են թշնամու հսկողության տակ գտնվող տարածք, բայց այս պահին հստակ ապացույցներ չկան։ Երբ հետքերով գնացել են՝ թշնամու դիրքերին մոտ են տարել հետքերը։ Այդ ձորակն այնպիսի տեղ է, որ հնարավոր չէ՝ կովերին գողանան ու վաճառեն, հավանական տարբերակը, որ սահմանն անցել են։
Դեպքեր եղել են, որ ոչխար կամ անասուն մի փոքր անցել է թշնամու հսկողության տակ տարածք, բայց կարողացել են մերոնք քշեն հետ բերեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Էդիկ Մինասյանը։
Զվարթ Խաչատրյան
Խնձորեսկ, Գարիկ Մանգասարյան, կովերի կորուստ, թշնամու դիրքեր, փնտրտուքներ, ապրուստի միջոց, սահմանապահներ