Բոլոր տեղերում նույն ողբալի վիճակն է

Մինչև վերջերս իշխանություններն առիթ էին փնտրում հայտարարելու, թե Հայաստանի տնտեսությունը դարձել է աշխարհի ամենաարագ աճող տնտեսություններից մեկը։ Ասում էին՝ աճի ցուցանիշով հայտնվել ենք առաջատարների տասնյակում. 9-րդն էր, հետո դարձավ 4-րդը։ Այս տարի նույնիսկ ավելի բարձր տեղի հույսեր էին փայփայում։

Սակայն վերջին շրջանում տնտեսական աճի միտումներն այն չեն, նահանջում են։

Չնայած բոլորն էլ հասկանում էին, որ մինչ այդ էլ «համաշխարհային մակարդակի» աճերը կապ չունեին տնտեսության հետ։ Տնտեսությունն իրականում հայտնվել է ծայրահեղ անմխիթար վիճակում։ Ոչ մի առաջընթաց չկա արտադրության ոլորտում։ Տեղական արտադրության բազմաթիվ ճյուղերում արտադրության ծավալները նվազում են։ Ներքին արտադրությունը փոխարինվում է ներմուծվող ապրանքներով։ Էժան ներմուծումները խեղդում են տեղական արտադրողներին, դուրս են մղում շուկայից։

Տեղական արտադրողին պաշտպանելու, օժանդակելու փոխարեն՝ խթանում են ներմուծումը։

Կարդացեք նաև

Աղետալի վիճակի են հասցրել գյուղատնտեսությունը, ինչի հետևանքով երկիրը կանգնեցրել են պարենային անվտանգության լրջագույն ռիսկերի առաջ։

Վերջին վեց տարիների կտրվածքով, գյուղատնտեսության ոլորտում ունենք արտադրության ծավալների կրճատում։

Մինչդեռ այս ընթացքում հսկայական գումարներ են ուղղել գյուղատնտեսությունը զարգացնելու համար։ Բայց գյուղատնտեսությունը զարգանալու փոխարեն՝ հետընթաց է ունեցել։ Ու դա նշանակում է, որ այդ գումարները սխալ ուղղությամբ են գնացել, չեն ծառայել իրենց նպատակին, ծախսվել են և որևէ արդյունք չեն ապահովել, չեն նպաստել երկրի պարենային անվտանգության խնդիրների լուծմանը։

Այսօր, երբ քաղաքական նպատակահարմարություններով պայմանավորված՝ երկիրը կանգնեցրել են պարենային անվտանգության ռիսկերի առաջ, իրենց կարճ խելքով՝ իբր լուծումներ են առաջարկում։ Ասում են՝ Ռուսաստանը ցորեն չտա, բրինձ կբերենք։ Դեռ մի կողմ թողնենք ցորենի ու բրնձի գների ահռելի տարբերությունը։ Չեն հասկանում, որ պարենային ապրանքների ներկրումը մի երկրից, մյուս երկիր տեղափոխելով՝ պարենային անվտանգության խնդիրները չեն լուծվում։ Դրա համար հարկավոր է մտածել ներքին ռեսուրսները ճիշտ օգտագործելու մասին։

Իսկ որ այդպիսի ռեսուրսներ կան, միանշանակ է։ Այլ հարց, որ այդ ռեսուրսները շատ վատ են կառավարվում, ծառայեցվում իրենց նպատակին։

Սակավահող Հայաստանում վարելահողերի գրեթե կեսը չի մշակվում։

Վեց տարի առաջ, երբ եկան իշխանության, չմշակվող հողերի քանակն ավելի քիչ էր։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե հեղափոխություն ենք անելու գյուղատնտեսության մեջ։ Հայաստանում չմշակվող վարելահողեր չեն լինելու։ Վեց տարի հետո չմշակվող վարելահողերը ոչ միայն չեն վերացել կամ կրճատվել, այլև ավելացել են։ Մինչդեռ՝ դա հսկայական ռեսուրս է, որը ճիշտ կառավարելու ու արդյունավետ քաղաքականություն վարելու պարագայում՝ պարենային անվտանգության առումով հիմա բոլորովին այլ վիճակում կարող էինք լինել։

Ու մինչ այսօր ստիպված ենք պարենային ցորենի 70-80 տոկոսը ներկրել դրսից, կարող էինք դրա մեծ մասն արտադրել տեղում։

Վերջին տարիներին պարենային ցորենի արտադրությունը Հայաստանում նույնիսկ կրճատվել է։ Ու դրա հիմնական պատճառն այն է, որ կառավարությունը որոշեց փոխել գյուղատնտեսության աջակցության ձևը։ Դադարեցրեց ցորենի սերմացուի, պարարտանյութերի, թունաքիմիկատների սուբսիդավորումը։ Այնտեղ ենք հասել, որ արդեն հայտարարում են, թե Հայաստանում ցորենի մշակումը ձեռնտու չէ։

«Կառավարությունը ծախսում է քաղաքացիների փողը։ Մենք հաշվարկներ ենք անում և տնտեսապես նպատակահարմար ծրագրերն ենք իրականացնում, եթե որևէ ծրագիր տնտեսապես ոչ նպատակահարմար է, մենք չենք իրականացնում։ Դրա փոխարեն՝ այլ նպատակահարմար ծրագիր ենք իրականացնում։

Հայաստանում ցորենի արտադրությունը տնտեսապես ոչ ձեռնտու գործընթաց է։ Մեկ հեկտար ջրովի տարածքից ստացվում է 450.000 դրամի ցորեն, բայց ծախսվում է 420.000 դրամ»,- ասում է էկոնոմիկայի նախարարը, ըստ էության, հորդորելով գյուղացիներին հրաժարվել ցորեն մշակելուց։

Գյուղատնտեսության ոլորտը համակարգող նախարարի այսպիսի դիլետանտ հայտարարությունից հետո, ի՞նչ պետք է սպասել ցորենի արտադրության առումով։ Զարմանալի չէ, որ Հայաստանի պարենային անվտանգության կախվածությունն այլ երկրներից գնալով խորանում է։ Խորանում է, որովհետև տեղական արտադրության հաշվին այդ խնդիրները լուծելու կամ մեղմելու փոխարեն՝ մտածում են ներմուծումներով հարցերը փակելու մասին։ Եթե այս պահին ցորենի արտադրությունը Հայաստանում ձեռնտու չէ, դա չի նշանակում, թե ընդհանրապես պետք է դադարեցնել ցորենի մշակումը։ Ընդհակառակը՝ պետք է մտածել շահավետ դարձնելու, և ոչ թե՝ մշակելուց հրաժարվելու մասին։

Պարենային անվտանգության, և ոչ միայն պարենային անվտանգության, այլև ընդհանրապես տնտեսության վերաբերյալ այսպիսի պարզունակ պատկերացումներն են, որ երկիրը հասցրել են այս վիճակին։

Թվացյալ աճերով խաբում են մարդկանց, թե իբր տնտեսությունը զարգանում է։ Այնինչ՝ այդ աճերի տակ գրեթե հավելյալ արժեք չի ստեղծվում։

Եղածն էլ «ընտրյալներին» է հասնում։ Հասարակության մեծ մասը դրանից ոչինչ չի ստանում։ Այդ պատճառով է, որ հայտարարվող «համաշխարհային մակարդակի» այս աճերի պայմաններում բնակչության մեծ մասի եկամուտները չեն ավելանում, սոցիալական վիճակը չի լավանում, նույնիսկ ավելի վատ են ապրում, քան ապրում էին տարիներ առաջ։

Սա տնտեսության, տնտեսության մեջ ձևավորվող հավելյալ արժեքի ու եկամուտների կենտրոնացվածության խորացման հետևանք է, ինչը մեծացնում է հասարակության սոցիալական բևեռացումը։ Սոցիալական արդարության որևէ նշույլ չկա իշխանությունների իրականացրած սոցիալական քաղաքականության մեջ։ Ամեն ինչ ուղղված է նրան, որ հասարակության հարուստ հատվածն ավելի հարստանա, աղքատները՝ ավելի աղքատանան։

Մեկ օրինակ բերենք դրանում համոզվելու համար. այն քաղաքացիները, ովքեր բարձր եկամուտներ ունեն ու կարողացել են օգտվել հիփոթեքով բնակարան գնելու հնարավորությունից, 20 տոկոսով ավելի քիչ հարկ են վճարում, քան նրանք, ովքեր ունեն ցածր եկամուտներ ու չեն կարողացել օգտվել։ Եվ այդպես ոչ թե մեկ կամ երկու, այլ տասնյակ տարիներ։

Այսպիսի օրինակները բազմաթիվ են։ Բայց դա այն է, ինչ ունենք, ինչին վերջին տարիներին միտված է եղել իշխանությունների իրականացրած տնտեսական ու սոցիալական քաղաքականությունը։ Այդ քաղաքականությունն է, որ այսօր երկիրը կանգնեցրել է բազում մարտահրավերների առաջ։ Մարտահրավերները մի տեղ չեն, երկու տեղ չեն, բոլոր ոլորտներում նույն վիճակն է։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս