Հարավային Կովկասի երկրները մյուսներից լավ գիտեն իրենց խնդիրները և կարող են ինքնուրույն լուծել դրանք. Ֆիդան

Հարավային Կովկասի երկրները մյուսներից լավ գիտեն իրենց խնդիրները և կարող են ինքնուրույն լուծել դրանք։ Այս մասին Ստամբուլում «3+3» հարթակի նիստի բացման ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Մեր տարածաշրջանում ընթացող բուռն գործընթացները, պատերազմները, հումանիտար աղետը և դաժանության պարույրը, որն Իսրայելը ստեղծել է Մերձավոր Արևելքում, ևս մեկ անգամ հաստատում են տարածաշրջանային մակարդակով երկխոսության և համագործակցության կարևորությունը: Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ մեր մոտեցումը հիմնված է տարածաշրջանային պատասխանատվության ըմբռնման վրա։ Մենք կարծում ենք, որ տարածաշրջանային երկրներն ավելի լավ գիտեն և կարող են լուծել տարածաշրջանային խնդիրները»,- ասել է նա։

Ֆիդանը տեղեկացրել է նաև, որ հանդիպման ավարտին ակնկալվում է համատեղ հռչակագիր ընդունել։

Հիշեցնենք` «3+3» խորհրդատվական հարթակի առաջին նիստն անցկացվեց 2021 թվականի դեկտեմբերին, որին մասնակցում էին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները, իսկ Վրաստանը հրաժարվել էր մասնակցությունից։

Վրաստանը չէր մասնակցել նաև հարթակի երկրորդ նիստին, որը կայացել էր 2023 թվականի հոկտեմբերին, Թեհրանում։

Տեսանյութեր

Լրահոս