«Հայաստանի առաջարկները հաշվի են առնվել, բայց…» Զախարովան այն մասին, թե ինչու Ա.Միրզոյանը չստորագրեց ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի փաստաթուղթը
«Հայաստանն ակտիվորեն մասնակցել է ԱՊՀ նախարարական խորհրդի հայտարարության նախագծի փորձագիտական համաձայնեցմանը և տեքստի վերաբերյալ առաջարկություններ է արել»,-այս մասին այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով հարցին, թե ինչո՞ւ ՀՀ-ն չի միացել խորհրդի փաստաթղթի ստորագրմանը։
Զախարովան տեղեկացրեց, որ փաստաթուղթն ընդունվել է հոկտեմբերի 7-ին ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստում, որը սահմանում է մոտեցումներ Եվրասիայի անվտանգության ճարտարապետության ձևավորման, գոյություն ունեցողների կարգավորման և նոր տարածաշրջանային հակամարտությունների կանխարգելման և այլնի վերաբերյալ՝ հենց եվրասիական պետությունների ջանքերով՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների վրա։
«Կարող եմ ասել, որ Հայաստանն ակտիվորեն մասնակցել է հայտարարության նախագծի փորձագիտական համաձայնեցմանը և տեքստի վերաբերյալ առաջարկություններ արել, որոնցից շատերը հաշվի են առնվել։ Սակայն հենց արտգործնախարարների խորհրդում Հայաստանի արտաքին գործերի նախարարը չի ստորագրել փաստաթուղթը»,- ասաց Զախարովան՝ շարունակելով, որ լավ կլինի հարցն ուղղել ՀՀ ԱԳ նախարարին, որպեսզի նա պարզաբանի։