ՀՀ-ն Ադրբեջանի վասալ է, մենք այլևս անկախ պետություն չենք․ Խաչիկյան

«Մենք փաստորեն այլևս անկախ պետություն չենք, հերթով կատարում ենք Ադրբեջանի պահանջները, հաջո՞րդը որն է լինելու»,- այս մասին այսօր 168am-ի հետ զրույցում ասաց քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը՝ անդրադառնալով ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի ելույթին և ՀՀ իշխանությունների քաղաքականությանը։

Արթուր Խաչիկյանը շեշտեց, որ փաստորեն ՀՀ իշխանությունը գնում է նաև Սահմանադրությունը զիջելու քայլին։

«Նախ այս մարդը մի քիչ շփոթեց բարձրագույն միջազգային ֆորումն իր ներքին լսարանի հետ, չհասկացավ, թե որտեղ է գտնվում։ Մեկը մյուսի ետևից ենթարկվում ենք Ալիևի պահանջներին, հիմա մեզ համար հարցն այն է, թե հաջո՞րդը որն է լինելու։ Ադրբեջանցիների վերադարձի հա՞րցն էլ ենք զիջելու, մեր Սահմանադրությունն արդեն փոխում ենք, Ցեղասպանության մասին այլևս չենք խոսում, հաջո՞րդը որն է, Ծիծեռնակաբե՞րդն ենք փակելու, Զորավար Անդրանիկի մետրոկայանը փակելո՞ւ ենք, Կոմիտասին և Նարեկացուն ճանաչելու ենք՝ որպես թուրք բանաստեղծ և թուրք կոմպոզիտո՞ր, Մատենադարանի մատյանների կեսը հանձնելու ենք թուրքերի՞ն, քանի որ Արևմտյան Հայաստանից են։ Մինչև որտե՞ղ է սա գնալու։ Մենք այդ հարցը, մի քանի տարի է, տալիս ենք։ Կարծես մեր հասարակությունը կարծում է, որ սա ինչ-որ մոլորակում է տեղի ունենում, իրենց չի վերաբերում, որ նրանք կարողանան անընդհատ ուտեն-խմեն-ման գան՝ մինչև Հայաստանից մնա Երևանի կենտրոնը։ Մենք փաստորեն արդեն անկախ պետություն չենք, մենք Ադրբեջանի վասալ, կախյալ պետություն ենք»,- ասաց Խաչիկյանը։

Նա գտնում է, որ Փաշինյանը, ով այսպիսի քաղաքականություն է վարում, այլևս մեղավոր չէ, մեղավոր է այն հասարակությունը, որը թույլ է տալիս, որ սա շարունակվի։

Կարդացեք նաև

«Վրաստանում սա 15 րոպե չէր տևի, մարդիկ այնպիսի գործողություններ կանեին, որ այն մարդիկ, ովքեր ուզում են իրենց երկիրը զիջեն, ծախեն, Սահմանադրությունը փոխեն, այն մարդիկ, ում պատճառով կորցրինք Արցախը, այն մարդիկ, որ ասում են՝ 5000 մարդ մեռավ, բայց ոչինչ, դավաճան չասացին, այդ մարդիկ 15 րոպե Թբիլիսիում չէին մնա, նրանք օդանավակայաններում կլինեին, որ փախնեն»,- նկատեց Խաչիկյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս