Բաժիններ՝

Լիբանանում փեյջերները պայթեցվել են մարտկոցների մեջ պայթուցիկ տեղադրելու միջոցով. CNN

Իսրայելը Լիբանանում «Հեզոբոլլահ» շարժման անդամներին թիրախավորող փեյջերների պայթյուններն իրականացրել է պայթուցիկ նյութը դրանց մարտկոցներում թաքցնելու միջոցով։ Այս մասին CNN-ի հայտնել են Լիբանանի հետախուզության երկու բարձրաստիճան պաշտոնյաներ։

Հեռուստաալիքի զրուցակիցների պնդմամբ՝ այս տեխնոլոգիան այնքան առաջադեմ է եղել, որ այն պարզապես անհնար էր հայտնաբերել։Լիբանանի անվտանգության աշխատակիցները պայթուցիկով փեյջերների մի քանի վերահսկվող պայթյուն են իրականացրել։

Ուսումնասիրված փեյջերները սեպտեմբերի 17-ին իրականացված հարձակման ժամանակ անջատված են եղել, այսինքն՝ դրանք չեն ստացել պայթեցումն առաջացնող հաղորդագրությունը։ 

Զրուցակիցներից մեկը CNN-ին ասել է, որ անձամբ զննել է փեյջերներից մեկը և հետևել վերահսկվող պայթյունի ընթացքին։ Նրա խոսքով՝ պայթուցիկը «ներկառուցված» է եղել փեյջերի լիթիումային մարտկոցի մեջ, և այն գործնականում հայտնաբերել հնարավոր չի եղել։ Նա հավելել է, որ երբեք նման բան չէր տեսել։ Հեռուստաալիքի զրուցակիցները չեն ասել, թե ինչ ստուգումներ են անցել փեյջերները նախքան երկիր ներմուծվելը։

Սեպտեմբերի 17-ին Լիբանանում «Հեզբոլլահ»-ի անդամներին պատկանող հազարավոր փեյջերներ սկսեցին պայթել։ Սեպտեմբերի 18-ին սկսեցին պայթել ռացիաներ, նոթբուքեր և այլ էլեկտրոնային սարքեր: Պայթյունների զոհ է դարձել առնվազն 39 մարդ, շուրջ 3500 մարդ վիրավորվել է։

Լիբանանը և «Հեզբոլլահ»-ը պայթյունների համար մեղադրել են Իսրայելին, որն ուղղակիորեն չի մեկնաբանել այս հարձակումները։ Սակայն տարբեր լրատվամիջոցների աղբյուրներով՝ պայթյուններն իրականացվել են Իսրայելի հետախուզական ծառայության՝ «Մոսադ»-ի և Իսրայելի զինվորականների համատեղ գործողության արդյունքում։

Սեպտեմբերի 23-ին Իսրայելը սկսել է «Հյուսիսի նետեր» ռազմական գործողությունը «Հեզբոլլահ»-ի դեմ, որի ընթացքում լայնածավալ հարձակումներ է իրականացնում Լիբանանի հարավային շրջանների վրա։ «Հեզբոլլահ»-ն իր հերթին հրթիռներ է արձակում Իսրայելի հյուսիսային բնակավայրերի ուղղությամբ։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ Իսրայելի ծավալած ռազմական գործողությունների զոհերի թիվը գերազանցել է 700-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս