Պատմության մեջ արձանագրվելու է՝ իրենք էին, որ ծախեցին Արցախը․ Փաշինյանը բերել է կորուստ ու կործանում․ Հարութ Սասունյան
«Արցախի հանձնողը հենց ինքը՝ վարչապետ Փաշինյանն է, որ Պրահայում Ալիևի հետ հայտարարեց՝ Արցախը պատկանում է Ադրբեջանին, հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի ո՛չ նախկիններին մեղադրելու, և ո՛չ էլ Արցախի այդ օրերի իշխանություններին»,- 168.am–ի հետ զրույցում նշեց «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանը՝ արձագանքելով ՀՀ իշխանական բուրգից հնչող տարատեսակ հայտարարություններին, որոնցով Արցախի կորստի բեռը փորձում են դնել Արցախի իշխանությունների ուսերին։
Հարութ Սասունյանը նկատեց՝ Արցախի իշխանություններին այլ տարբերակ չի մնացել, քանի որ, եթե որոշեին դիմադրել, կզոհեին 100.000-ից ավելի արցախահայությանը։
«Նրանք ստիպված էին զենքի և բռնության ուժի տակ հանձնել Արցախը և ստորագրել մի թղթի կտոր, որն իրականում ոչ մի իրավական արժեք չունի, քանի որ նախագահի հայտարարությունը չի հրապարակվել պաշտոնաթերթում, հետո՝ այդ հայտարարությունը ստիպողաբար է եղել, ինչը միջազգային օրենքով անվավեր է։ Եվ, առհասարակ, Արցախի նախագահն իրավասություն չուներ ասելու՝ հանձնում է Արցախը․ այն չի պատկանում ո՛չ Արցախի նախագահին, ո՛չ էլ ՀՀ վարչապետին։ Վերջինս ևս իրավունք չուներ հայտարարել, թե Արցախն Ադրբեջանին է պատկանում, որովհետև Արցախը Հայաստանին չէր պատկանում, ու ոչ էլ՝ վարչապետին»,- մանրամասնեց սփյուռքահայ գործիչը։
Հարութ Սասունյանի համար սպասելի է եղել սեպտեմբերի 19-ին՝ Արցախի կորստի մեկամյա տարելիցի օրը, ՀՀ իշխանությունների լռությունը։
«Վարչապետ Փաշինյանն ու իր իշխանական աջակիցներն են, որ դավաճանեցին Արցախին, նրանք նույնիսկ Արցախ բառը չեն օգտագործում, և ուզում են՝ հայ ժողովուրդն ու մանավանդ արցախահայությունը մոռանա, թե իրենք են, որ դավաճանեցին Արցախը։
Բայց պատմության մեջ արձանագրվելու է՝ իրենք էին, որ ծախեցին Արցախը,- ասաց նա, ապա հենց այս համատեքստում անդրադառնալով Հայաստանի Անկախության օրվա խորհրդին ու օրվա առիթով Նիկոլ Փաշինյանի իրարամերժ ուղերձին, հավելեց,- Փաշինյանը երկար տարիներ ի վեր ասում էր՝ Արցախը բեռ է ՀՀ ուսերին, ու եթե Արցախը վերադարձնենք, Հայաստանի ժողովուրդը կապրի ապահով ու անվտանգ։ Իսկ իրականում տեսնում ենք, որ ո՛չ ապահով է, ո՛չ անվտանգ․ արդեն տեսնում ենք՝ 2021-2022 թվականներին ադրբեջանական բանակը մտել է ՀՀ սահմաններից ներս, ու մենք կորցրել ենք մեր հողի մի մասը նրա պատճառով։ Այժմ խոսում են անկլավները հանձնելու մասին, և այսպես շարունակ։ Ուրեմն, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն ապահովություն, անկախություն ու խաղաղություն չի բերել, այլև ճիշտ հակառակը՝ բերել է կորուստ, կործանում ու դժբախտություն մեր ազգին։ Սա, դժբախտաբար, շարունակվելու է անվերջ, որովհետև զիջումներին վերջ չկա․ Ալիևը պահանջում է զիջումներ՝ իմանալով, որ Փաշինյանն «այո» է ասելու իր բոլոր պահանջներին»։
Ամերիկահայ գործիչն այս կորուստների շղթան փակելու միակ լուծումը տեսնում է մեկ օր առաջ Հայաստանի գործող իշխանություններին հեռացնելու մեջ։
«Եթե դա կարողանանք անել, դրանից հետո նոր ազգայնասեր ղեկավարները կպայքարեն արցախահայերի իրավունքների համար նաև, ինչը շատ դժվար է, քանի որ երկարատև աշխատանք ու ջանքեր կպահանջի»,- ամփոփեց նա։