Արարատ Միրզոյանն արդեն ապառիկով հեռուստացույց չի վերցնում․ նա այս տարի 9 միլիոն 500.000 դրամով անշարժ գույք է վերանորոգել

Արտգործնախարար Արարատ Միրզոյանի տարեկան հայտարարագրերը ցույց են տալիս ոչ միայն Միրզոյանի քաղաքական ճկուն վերելքները, այլև նրա սոցիալական վիճակի։

2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքով Ազգային ժողովի պատգամավոր ընտրված ՔՊ-ական Արարատ Միրզոյանը թավշյա աղմուկից հետո նշանակվեց առաջին փոխվարչապետ։ Ավելի ուշ նա դարձյալ ստանձնեց պատգամավորական մանդատը, ապա նաև իշխանական մեծամասնության՝ ՔՊ-ականների կողմից ընտրվեց ԱԺ նախագահ, իսկ 2021 թվականից Արտաքին գործերի նախարարն է։

Արարատ Միրզոյանի կարիերայի բաց ու փակ էջերի մասին մամուլում շատ է գրվել, ոչ պակաս ուշադրության է արժանի, սակայն, նրա՝ սոցիալական վիճակի մասին արձանագրումը, մանավանդ որ, թեման հենց իրենք են բացել դեռ 2019 թվականին․ Փաշինյանն ասել էր, որ իրենց տան լվացքի մեքենայի վարկը մինչև հիմա չեն մարել, իսկ Արարատ Միրզոյանն էլ հիշել էր․ «Գնացի հեռուստացույց ապառիկով վերցնեմ, չտվեցին, հարկադիրը կալանք էր դրել իմ հաշվի վրա»։

Թավիշից հետո տարեցտարի Արարատ Միրզոյանի ու նրա ընտանիքի կյանքը լավացավ 

Կարդացեք նաև

2024 թվականին պաշտոնյան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2023 թվականի տարեկան հայտարարագիրը, որում նշվում է 2018 և 2022 թվականներին գնված 2 անշարժ գույքի մասին։ 2018 թվականին պաշտոնյան նախ գնել է բնակարան Երևան քաղաքում, իսկ 2022 թվականին արդեն՝ անհատական բնակելի տուն Կոտայքի մարզի Նաիրի համայնքում։ 2 անշարժ գույքն էլ նա տնօրինում է համատեղ սեփականության իրավունքով։

Արտաքին գործերի նախարարը հայտարարագրել է տպավորիչ դրամական միջոցներ, որոնք տարվա ընթացքում աճել են

Պաշտոնյայի բանկային հաշիվների՝ 1 միլիոն 900.000 դրամն ու 20.000 ԱՄՆ դոլարը տարեվերջին արդեն կազմել են 3 միլիոն 500.000 դրամ և 30.000 ԱՄՆ դոլար, կանխիկ՝ 25.000 դոլարն ու 6 միլիոն դրամն էլ՝ 50.000 ԱՄՆ դոլար և 2 միլիոն դրամ։

Արարատ Միրզոյանի հաշվետու տարվա՝ 22 միլիոն 956.071 դրամ եկամուտը գոյացել է ԱԳՆ-ից ստացած 19 միլիոն 719.381 դրամ աշխատավարձից, Ֆիննախից ստացած 3 միլիոն 217.315 դրամ այլ եկամուտներից և «Ամերիա» բանկից փոխառությունների դիմացած ստացած 50 դոլար տոկոսագումարից։

ԱԳ նախարարի վարկային պատմությունը

Ըստ հայտարարագրի՝ պաշտոնյայի վարկի մայր գումարի մնացորդը հաշվետու տարում կազմել է 28 միլիոն 373.652.6 դրամ․ հիփոթեքի առարկա է նշվել բազմաբնակարան շենքում բնակարանը։ 4 միլիոն 690.000 դրամ էլ կազմել են վարկի մարմանն ուղղված ծախսերը։

Արարատ Միրզոյանը նաև հայտարարագրել է անշարժ գույքի վերանորոգման ծախս՝ 9 միլիոն 500.000 դրամի չափով։

Արարատ Միրզոյանի տիկնոջ՝ Գոհար Աբաջյանի տարեկան հայտարարագրում նույն անշարժ գույքերի մասին հիշատակումն է։ Բայց պաշտոնյայի տիկինը, ի տարբերություն ամուսնու, նաև մեքենա է հայտարարագրել, որը գնել է 2019 թվականին։

Գոհար Աբաջյանի դրամական միջոցներն ու եկամուտները ևս բավականին տպավորիչ են

Նրա բանկային հաշիվների՝ 1 միլիոն 306.500 դրամը և 51 դոլարը տարեվերջին կազմել է 1 միլիոն 729.715 դրամ և 3801 դոլար 85 ցենտ, տարեսկզբի՝ 15.000 ԱՄՆ դոլար և 3 միլիոն 500.000 դրամ կանխիկ դրամն էլ տարեվերջին կազմել է 10 հազար ԱՄՆ դոլար և 890.000 դրամ։

Պաշտոնյայի տիկնոջ հաշվետու տարվա 27 միլիոն 537.489 դրամ եկամուտները գոյացել են 2022 թվականին իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված «ՔՈԳՆԱՅԶ ԷՆՋԻՆԻՐԻՆԳ» ընկերությունից ստացված աշխատանքի վարձատրությունից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից։ Հայտարարատուն նաև հաշվետու տարվա համար նշել է 70 միլիոն 265.460.7 դրամի չափով վարկի մայր գումարի մնացորդի չափի մասին և 8 միլիոն 545.141 դրամ վարկի մարմանն ուղղված վճարումների։

Նկատենք՝ Արարատ Միրզոյանը 2020 թվականին ներկայացրած 2019 թվականի հայտարարագրում նշել էր համատեղ սեփականություն հանդիսացող 2 բնակարանի մասին՝ Երևանի Աջափնյակ և Շենգավիթ վարչական շրջաններում, որոնք ձեռք էր բերել հենց 2019 թվականին։

Որպես նվիրատվություն՝ Միրզոյանը հայտարագրել էր 2004 թ. արտադրության KIA մակնիշի մեքենա, որն արդեն տարվա վերջում առկա չէր եղել։

Հայտարարատու տարում ԱԺ նախագահի բանկային հաշիվների մնացորդները (բացառությամբ ավանդների) կազմել էին 10 միլիոն դրամ, իսկ կանխիկ միջոցները՝ 2 միլիոն 220.000 դրամ։

Նա նշել էր հաշվետու տարվա եկամուտների մասին, որոնք գոյացել էին՝ ինչպես Ազգային ժողովից՝ 15 միլիոն 696.640 դրամի չափով, այնպես էլ՝ վարչապետի աշխատակազմից՝ 2 միլիոն 119.153 դրամի չափով։

Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, 2020 թվականին ներկայացրած հայտարագրում նշել էր համատեղ սեփականությամբ Աջափնյակ վարչական շրջանում 1 բնակարանի և 2011 թվականի արտադրության KIA մակիշի ավտոմեքենայի մասին։

Բանկային հաշիվների մնացորդները (բացառությամբ ավանդների) կազմել էին 450,000.00 ՀՀ դրամ, կանխիկ գումարը՝ 70,000.00 դրամ, աշխատանքի վարձատրություն կամ հավասարեցված այլ վճարումներն էլ՝ 8 միլիոն 180.000 դրամ՝ ստացված ՎՕԼՕ ՍՊԸ-ից։

Տեսանյութեր

Լրահոս