Մարդկությունն իրեն փակուղի է գցել. Օնիշչենկոն` հակաբիոտիկների հանդեպ կայուն մանրէների մասին

Հակաբիոտիկների հանդեպ մանրէների կայունության հետևանքով աշխարհում տարեկան 5 մլն մարդ է մահանում, փորձագետների կանխատեսմամբ` մոտ ապագայում այս թիվը կհասնի 10 մլն-ի։

«ԵԱՏՄ երկրների կենսաանվտանգությունը» թեմայով Մոսկվա-Աստանա-Մինսկ-Տաշքենդ տեսակամրջի ժամանակ ասել է ՌԴ ԳԱԱ ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի փոխնախագահ Գենադի Օնիշչենկոն։

Ժամանակ առ ժամանակ ԶԼՄ–ներում հաղորդումներ են լինում այն մասին, որ վիրավոր ուկրաինացի զինծառայողների օրգանիզմում արևմտյան բժիշկները հակաբիոտիկների նկատմամբ կայուն «սուպերմանրէներ» են հայտնաբերում։

«Ուկրաինայի զինվորներն անցել են ուկրաինական բուժհաստատություններով, որտեղ նրանց մեջ ներհիվանդանոցային մանրէներ են ներթափանցել։ Ներհիվանդանոցային պայմաններում հակաբիոտիկների նկատմամբ մանրէների կայունության խնդիրը շատ մեծ է»,- նշել է ակադեմիկոսը։

Նրա խոսքով` հակաբիոտիկների նկատմամբ մանրէների կայուն լինելու խնդիրը հայտնի է գիտնականներին դեռ ԽՍՀՄ տարիներից։ Դեռ 1960-ականներին որոշում էր կայացվել մոնիթորինգ իրականացնել հակաբիոտիկների նկատմամբ կայուն շտամերի շրջանառության նկատմամբ։ Վերջին տարիներին խնդիրն էլ ավելի է սրվել, քանի որ շատ են անբարեխիղճ հիվանդները, որոնք բուժումը մինչև վերջ չեն հասցնում և ինքնազգացողության բարելավումից անմիջապես հետո ընդհատում դեղերի ընդունումը, ավելացել են մսամթերք արտադրողները, որոնք, օրինակ, ճտերի սննդակարգում հակաբիոտիկներ և հորմոններ են ներառում, որպեսզի նրանք 45 օրում կարողանան քաշ հավաքել։

Բացի այդ, քաղցկեղով հիվանդների բուժման ժամանակ քիմիաթերապիան ուղեկցվում է հակաբիոտիկներով։

«Մարդկությունն իրեն փակուղի է գցել։ Գիտնականներն արդեն հասել են հակաբիատիկների 5-րդ սերնդի։ Այսօր նոր հակաբիոտիկներ ստեղծելու բնական հնարավորությունները սպառել են իրենց։ Շուտով թարախային վերքերի բուժման համար դեղամիջոց չի լինի», – ասել է Օնիշչենկոն։

Նա նաև հայտնել է, որ սեպտեմբերի 26-ին հակաբիոտիկների նկատմամբ կայունության խնդիրը քննարկվելու է առողջապահության հարցերով ՄԱԿ–ի հատուկ նստաշրջանի ժամանակ։

Տեսանյութեր

Լրահոս