Վերադարձի իրավունքը առանց ինքնորոշման իրավունքի ճանաչման անհնար է. այլապես չէինք ունենա 5-6 օրում դատարկված Արցախ. Գեղամ Ստեփանյան

«Արցախ վերադարձի իրավունքը հնարավոր չէ դիտարկել առանց ինքնորոշման իրավունքի սկզբունքի ճանաչման»,- այս մասին Երևանում Արցախի Հանրապետության ներկայացուցչության մոտ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով օրերս Նիկոլ Փաշինյանի ասուլիսում հնչած այն պնդմանը, թե այն ընկալումներով, որոնցով Արցախի որոշ գործիչներ պայքարում են վերադարձի համար, իրատեսական չէ։

Ստեփանյանն ասաց, որ երբ Արցախ վերադարձի մասին խոսվում է, և վերադարձի իրավունքը փոխկապակցվում է ինքնորոշման իրավունքի հետ, հավանաբար դա Փաշինյանի համար ՀՀ պետական շահին դեմ գնացող արտահայտություն է, որը, Գեղամ Ստեփանյանի որակմամբ՝ միայն Փաշինյանի ընկալումն է։ Արցախի ՄԻՊ-ի խոսքով՝ սա նույն խոսույթի ու նույն քաղաքականության շարունակությունն է՝ այսպես կոչված, նշաձողի իջեցման, որն էլ հանգեցրեց նրան, ինչ ունենք։

«Ես անձամբ իմ անունից կարող եմ ասել, որ չեմ դադարելու խոսել վերադարձի իրավունքի մասին և չեմ դադարելու վերադարձի իրավունքը փոխկապակցել ինքնորոշման իրավունքի հետ, որովհետև պատմությունը ցույց տվեց, որ Արցախի ժողովրդի՝ Արցախում ֆիզիկապես ապրելու օրինական ճանապարհն ինքնորոշված Արցախի ճանապարհն է։ Այս պահին առաջնահերթություն, որպես այդպիսին, հռչակում ենք վերադարձի իրավունքի թեման օրակարգ մտցնելը՝ հետագայում այդ սեղանի շուրջ քննարկելու այն բոլոր տարբերակները, որոնք կարող են առաջանալ։ Վերադարձի իրավունքն առանց ինքնորոշման իրավունքի ճանաչման՝ ուղղակի անհնար է, հակառակ պարագայում 5-6 օրվա ընթացքում չէինք ունենա դատարկված Արցախ»,- նման տեսակետ հայտնեց Գեղամ Ստեփանյանը։

Նա ասաց, որ նման օրակարգ չկա ձևավորված, որպեսզի հասկանանք հետագա գործողությունները։

Կարդացեք նաև

«Իմ ձևակերպումն այն է, որ դա պետք է փոխկապակցված լինի ինքնորոշման իրավունքի հետ, դա արդեն ամեն ինչ ասում է։ Գնալ-ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ, ադրբեջանական ոստիկանության ներքո, ադրբեջանական բռնապետության ներքո՝ անիմաստ է դրա մասին խոսել։ Արցախի ժողովուրդն ունի վերադարձի իրավունք, որն արձանագրված է ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշման մեջ, կա իրավունքը, և իրավունքի իրացման համար պետք է գործադրվեն բոլոր ջանքերը։ Գուցե ինչ-որ տեղ այս պահին դա իրատեսական է, ես չեմ կարող ամբողջական ասել, որ հենց վաղը դա ի կատար է ածվելու, բայց ես չեմ պատրաստվում հրաժարվել իրավունքից, որն արձանագրվել է միջազգային դատական ատյանի կողմից։ Այսօր հնարավոր չի լինի, ապա վաղը-մյուս օրը, բայց այդ թեման չեմ փակելու»,- ասաց Ստեփանյանը։ Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական խոսույթը հատկապես 2024 թվականի հունվարից փոխվել է, անգամ փակել են իրենց ընկալմամբ, այսպես կոչված, վերադարձի թեման։

«Եթե փակած չլինեին, Ստեփանակերտի բնակեցում մեծ տեմպերով չէին անի, ստեփանակերտցիների տները չէին յուրացնի և մնացած բաները»,- նշեց Արցախի ՄԻՊ-ը՝ շարունակելով, որ այդպես են անում, քանի որ տեսել են, որ Հայաստանն է փակում թեման։
Ինչ վերաբերում է ռազմագերիների և պատանդառված անձանց հարցին, ապա Գեղամ Ստեփանյանը նշեց, որ դա առաջին հերթին քաղաքական և իրավական դաշտում է։

«Եթե իրավական առումով ձեռնարկվել են գործողություններ՝ մասնավորապես ՄԻԵԴ-ի միջոցով մարդկանց պայմանների և առողջական վիճակի մասին պարբերական տեղեկություններ իմանալու հարցում, ապա քաղաքական դաշտում խիստ պասիվություն կա։ Ասուլիսի ժամանակ խոսվեց, որ գործողություններ կան, որոնք տեսանելի չեն, համենայն դեպս կարող եմ ասել, որ որքան էլ որ շփվում եմ նաև հարազատների հետ, այդ գործողությունները նաև հարազատները չեն տեսնում։ Այսինքն՝ հույս ունենանք, որ իրապես կան գործողություններ օր առաջ ազատ արձակելու ուղղությամբ, բայց միևնույն ժամանակ պահանջատեր լինենք, որ եթե կան գործողություններ, ապա հարազատները և հանրությունը դրա մասին պետք է տեղեկացված լինեն»,- ասաց Ստեփանյանը։

Տեսանյութեր

Լրահոս