Օպերայի տոմսերից թանկ են ռեստորանների ուտեստների գները, բայց մարդիկ դա են նախընտրում․ Հովհաննես Ներսեսյան

168.am-ի զրուցակիցն օպերային երգիչ (բաս), սարկավագ Հովհաննես Ներսեսյանն է։

-Ձեր կյանքը կարծես պատահականությունների շղթա լինի․եթե տատիկը չտաներ եկեղեցի, չմասնակցեիք պատարագի, գուցե հետագայում չընտրեիք եկեղեցականի կյանքը, և, եթե տարիներ անց չհանդիպեիք օպերային երգիչ Գևորգ Հակոբյանին, չէիք ընտրի այդ ուղին։ Դուք ինչպե՞ս կբնութագրեք։

-Պատահականություն չէր միանշանակ։ Կարծում եմ՝ պատահական ոչինչ կյանքում չի լինում։ Սա Աստծո կողմից նախախնամություն էր։ Տիրոջ կամքին համաձայն եղավ։

-Եկեղեցում ի՞նչը գրավեց փոքրիկ տղային։

Կարդացեք նաև

-Պատարագը, երգեցողությունը, ներդաշնակությունը, հոգեպարար վիճակը։ Այս ամենը գուցե մի քիչ շատ է փոքր տղայի դեպքում, բայց քանի որ մենք ոգեղեն էակներ ենք, հոգին կարդում է այս ամեն ինչը։

-Երգել ևս սկսել եք մանկուց։

-Փոքր տարիքում ֆիդայական երգեր էի երգում, հայրս էր սովորեցրել։ Այս երգերը շատ արդիական էին Արցախյան առաջին պատերազմի ընթացքում և դրանից հետո։ Ինձ համար երանելի տարիներ էին։ Այդ երգերի մեջ մեծ խորհուրդ կար։10 տարեկանից երբ սկսեցի եկեղեցական ծառայությունս, կատարում էի նաև հոգևոր երգեր՝ շարականներ։

-1980-90-ական թթ․, այո, արդիական էր ռազմական երգեր կատարել, հիմա՝ նույնպես։ Սադաստիարակության ճիշտ մեթոդ համարո՞ւմ եք՝ հայրենասեր մեծանալու առումով։

-Այո՛, դա երեխային հայրենասեր և ազգասեր դաստիարակելու ևս մեկ կերպ է։ Սա ազգային մշակույթի մի մաս է։ Սրան պետք է նաև միացնեմ ժողովրդական արվեստը և, իհարկե, հոգևոր երաժշտությունը։

Ցավոք, երեխաները հիմա ավելի շատ տարված են հեռախոսներով, վիրտուալ խաղերով, բայց մարտավարություն, ռազմավարություն պետք է ունենա պետությունը, թե ի՞նչ տեսակի հասարակություն ենք ապագայում ձևավորելու։ Ես փորձում եմ իմ տղային դաստիարակել ազգասեր, հայրենասեր, եկեղեցասեր, մշակութասեր։

-Դուք Օպերայի բեմում հայտնվել եք, երբ երրորդ կուրսի ուսանող եք եղել։ Ի՞նչ խնդիրների, բարդությունների առջև կանգնեցիք։

-Մեծ հաշվով, բարդություններ չեմ ունեցել, բայց մեր առջև դրված որոշակի խնդիրներ ունենք՝ դերասանական և վոկալ։ Յուրաքանչյուր մասնագիտության դեպքում էլ մշտապես զարգանալու տեղ ունես։

-Օպերային շատ երգիչներ պարբերաբար ահազանգում են, որ իրենք չեն կարողանում հայտնվելԱլ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իրենց լսող չկա, և այլն։ Ինչպիսի՞ արժանիքներ ունեցող մարդիկ են հայտնվում Օպերայում։

-Համաձայն չեմ իրենց հետ, որ լսող չկա։ Թատրոնի դռները բաց են ամեն մասնագետի, արտիստի առջև, սակայն մասնագիտական որոշակի մակարդակ է պետք ունենալ, որպեսզի կարողանան աշխատել թատրոնում։ Մեր երկրում կա մեկ օպերային թատրոն, հետևաբար՝ շատերի համար մի քիչ ավելի բարդ է դառնում։ Բոլորը չեն կարող լինել այնտեղ ու երգել․կան մշակութային այլ օջախներ, որտեղ կարող են իրենք իրենց գտնել, ելույթ ունենալ։ Այսքան տարվա մեջ եսչեմ նկատել գեթ մեկ դեպք, որ ուղղակի մարդն ունենա բավարար տվյալներ ու մակարդակ և չընդունվի որպես մեներգիչ, երաժիշտ կամ պարող։

-Օպերային մեկ թատրոնը քիչ չէ՞, որովհետև մարդիկ ստիպված գնում ու ռեստորաններում են երգում։

-Բնականաբար, քիչ է, բայց այսօր հազիվ այդ մի կառույցն ենք պահում՝ և՛ որպես պետություն, և՛ որպես արտիստ։ Ինչ վերաբերում է ռեստորանին, ամեն մարդ ընտրում է, թե որտեղ ելույթ կարող է ունենալ։ Ճանապարհները բազում են․գուցե ուրիշ երկրում կարելի է փորձել, եթե իսկապես կա այդ մակարդակը։ Գիտեք, երբեմն մենք մեզ հետ անկեղծ չենք։ Մեզ թվում է, որ շատ բան կարող ենք, բայց դա միայն մեր կարծիքն է։

-Ամեն դեպքում մարդը պետք է փորձ ձեռք բերի, չէ՞։

-Հա, բայց որոշակի մակարդակից ելնելով՝ պետք է փորձ ձեռք բերել։ Դե, թող գա երաժշտական կրթություն չունեցողը փորձ ձեռք բերելու։ Այդպես չի լինում։

-Կոնսերվատորիան ավարտողն արդեն պատրաստի օպերային երգի՞չ է, որ ասի՝ լավ, այստեղ չի ստացվում, գնանք դրսում փորձենք։

-Իհարկե։ Կան բազում արտիստներ, ովքեր զարդարում են համաշխարհային բեմերը՝ նույնիսկ մեր Օպերային թատրոնում երբևէ ելույթ չունենալով կամ չաշխատելով։ Ճանապարհները բազում են, մշակույթն ազգություն չի ճանաչում։

-Դուք պարբերաբար արտերկրում ելույթներ եք ունենում․կա՞ հայ և օտարազգի հանդիսատեսի միջև տարբերություն։

-Բնականաբար։ Միանգամից զգացվում է մշակութային առումով կիրթ հանդիսատեսը։ Խոսքը և՛ դրսի, և՛ ներսի հանդիսատեսի մասինէ։ Մեզ մոտ էլ երբեմն այնպիսի հանդիսատես է հավաքվում, որն օբյեկտիվորեն ծափահարում է այն արտիստներին, երաժիշտներին, որոնք իսկապես արժանի են։

-Շատերը խուսափում են օպերա հաճախել՝ նշելով, որ չեն հասկանում, դժվար է։ Կան երաժիշտներ, ովքեր այս դեպքում խորհուրդ են տալիս հաճախել դասերի, կարողանալ տարբերակել ձայները, նոր հաճախել։ Սա կօգնի՞։

-Հասկանում և ընդունում եմ հանդիսատեսի օբյեկտիվ գանգատները, որ շատ դեպքերում չեն հասկանում։ Դա մեր թերությունն է։ Դասերի հաճախելը պարտադիր չէ։

Պարտադիր է ընդհանուր գիտելիք ունենալ օպերային արվեստից, մշակույթից։

Պատմությանը պետք է ծանոթ լինել, բայց մենք՝ արտիստներս, պետք է աշխատենք մեր խոսքերի վրա, որպեսզի հասկացվի։ Սա խոսքի թատրոն է։

-Եթե հանդիսատեսը նկատի ու ասի Ձեր կամ այլ արտիստի սխալները, չեք նեղանա՞։

-Ես՝ ոչ։ Սիրով ընդունում եմ նույնիսկ իմ կոլեգաների դիտողությունները։

-Ամենաշատն ո՞վ է Ձեզ քննադատում։

-Փորձերի ժամանակ կամ կատարումից հետո ես եմ կոլեգաներիս մոտենում, հարցնում։

ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանի կարծիքը, խորհուրդը ևս հարցնում եմ, քանի որ դասախոսը միայն ուսանողական տարիների համար չէ։ Մենք դրա կարիքը միշտ ունենք։ Տանն էլ կինս է իր կարծիքն ասում կամ քննադատությունները։ Իհարկե, ավելի հեշտ է լսել գովաբանությունը, քան քննադատությունը։

-Կա՞ն օպերային երգիչներ, որոնց երկրպագում եք։

-Այս երկրպագել բառն այնքան էլ չեմ սիրում, բայց ասեմ՝ երկրպագում եմ միայն Աստծուն։ Այո, կան բազում արտիստներ, օրինակ Գեղամ Գրիգորյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Հովհաննես Այվազյանը, Գևորգ Հակոբյանը, ովքեր զարդարել և զարդարում են աշխարհի շատ բեմեր։ Կան նաև հայազգի երգիչներ, ովքեր ապրում և ստեղծագործում են այլ երկրներում։

-Երբևէ մտածե՞լ եք՝ մեկնել արտերկիր և այնտեղ երգել։

-Այո, բայց ինձ համար դա շատ դժվար որոշում է։ Միգուցե ֆիզիկապես կարող է պատրաստ լինեմ, բայց հոգեպես դեռևս չեմ կարող։

-Կա՞ն եկեղեցիներ, ուր ակուստիկ առումով ձայնն ավելի գեղեցիկ է հնչում։

-Առավել հայտնի են Գեղարդավանքը և Հաղպատավանքը։ Կան բազում այլ եկեղեցիներ, որոնք իրենց չափով ունեն ակուստիկ հնարավորություններ։

-Զրույցներից մեկում նշել եք, որ եկեղեցական կյանքը գույն է տալիս Ձեր կյանքին, և չեք հրաժարվի այդ կյանքից։ Եկեղեցական և ոչ եկեղեցական տղամարդիկ մտածելակերպով տարբերվո՞ւմ են։

-Չէի ուզի առանձնացնել, բայց միգուցե տարբերվում ենք ճեմարանական կրթությամբ, դաստիարակությամբ, որը ստացել ենք, որովհետև մենք այնտեղ ապրում ենք շուրջ վեց տարի և ավելի։ Ուրիշ տեղ այդ տեսակ բարձր մակարդակի կրթություն չկա։

-Որպես եկեղեցական՝ ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ տղամարդկանց, ինչպիսի՞ն լինել կամ չլինել։

-Լինել առաքինի, հայրենասեր, ազգասեր, եկեղեցասեր, մշակութասեր, ընտանիքին նվիրված, ընտանիքի, զավակների ապագայի մասին մտածող, կարգապահ։

-Թերևս ամեն ինչ գալիս է ճիշտ դաստիարակությունից, իսկ մշակութասեր քչերն են․խնդիրը դպրոցի՞ց է գալիս, ծնողների՞ց, թե՞ ամեն դեպքում մարդը կարող է ինքնակրթվել ու հասնել այդ աստիճանի։

-Բոլորն էլ հնարավոր է։ Իհարկե, կարևոր է նաև ինքնակրթությունը․ունե՞ս ցանկություն կրթվելու, թե՞ ոչ։ Այն, ինչ հեշտ է տրվում, երբեմն շատ անարժեք է։ Ընդհանրապես գանձերը, արժեքները շատ բարդ են տրվում։ Այն մաքառման, տքնության արդյունք է։

Չես կարող մեկ օրում զարգանալ կամ գիտելիքներ ձեռք բերել։

-Մենք ունե՞նք մշակութասեր հասարակություն։

-Բավարար չափով։Եվ դա բոլորիս բացթողումն է, բայց պետք է պետական ռազմավարություն լինի այդ ուղղությամբ, որպեսզի կարողանանք այս մակարդակը բարձրացնել։

-Օրինակ՝ օպերայի տոմսերը եթե մատչելի լինեին, երիտասարդները կգերադասեի՞ն այդտեղ հաճախել՝ որևէ տեղ հաց ուտելու գնալու փոխարեն։

-Բավականին մատչելի են տոմսերը՝ ի տարբերություն Եվրոպայի կամ Ռուսաստանի։

Ուղղակի հետաքրքրության հարց է՝ ես ի՞նչ եմ ուզում տեսնել կամ ստանալ, ինչո՞վ եմ ուզում ինձ սնել։ Տեսնում ենք՝ ռեստորանները, սրճարանները լեփ-լեցուն են, ու անգամ չեն էլ մտածում, թե որքա՞ն պետք է վճարեն տվյալ կերակուրների համար, որ պատվիրված են։ Տոմսերից ավելի թանկ են այդ կերակուրները, բայց մարդիկ դա են նախընտրում։ Անուշ լինի, բայց նաև հոգևոր, մշակութային արժեքներով պետք է սնվել։ Պետք է սնվել՝ ապրելու համար, և պետք է հոգևոր արժեքներով սնվել՝ ճիշտ ապրելու համար։

-Եթե կանգնեք ընտրության առջև և ստիպված լինեիք ընտրություն կատարել եկեղեցու և օպերայի միջև, ո՞րը կընտրեիք։

-Եկեղեցին և օպերան։ Եկեղեցուց երբեք չեմ հրաժարվի, դա միանգամից ասեմ, բայց կարծում եմ՝ նման ընտրության առջև երբեք չեմ կանգնի՝ նույնիսկ ինքս ինձ համար։

Տեսանյութեր

Լրահոս