Միանում եմ ակցիային, և խորհուրդ ենք տալիս աշխատել ոչ թե վրացական, թուրքական, այլ հայկական մեքենաներով.լոգիստիկ կազմակերպության ղեկավար

Բեռնափոխադրումներ իրականացնող տեղական կազմակերպություններն ու անհատ վարորդները դուրս են մղվում շուկայից․ բեռնափոխադրող տասնյակ ընկերություններ ու անհատ վարորդներ են ամիսներ շարունակ ահազանգում խնդրի մասին։ Նրանք նշում են՝ ոչ տեղական բեռնափոխադրողների հետ անհավասար մրցակցային պայմանների պատճառով իրենց ծառայություններն այլևս մրցունակ չեն, ու ոլորտի չկարգավորման պարագայում՝ առաջիկայում հարյուրավոր բեռնափոխադրողներ են մնալու անգործ։

Իսկ խնդիրը բավականին պարզ է՝ արտերկրի բեռնափոխադրողները Հայաստան բեռ ներմուծելուց հետո, որպեսզի դատարկ չվերադառնան, այստեղից ապրանքներ են արտահանում՝ անհամեմատ ցածր գին առաջարկելով միջնորդ կազմակերպություններին՝ այդպիսով շուկայից դուրս մղելով հայ բեռնափոխադրողներին: Խնդիրը պարզ է, բայց լուծումներ չկան, իսկ լուծումների բացակայությունը սպառնում է նաև անվտանգային հարցերով․ օրինակ, վարորդները նշում են՝ ազգությամբ թուրք վարորդները հայկական զորամասերի համար ապրանքներ են բերում։

Այս հարցով օրեր առաջ հայաստանյան հարյուրավոր բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներ բողոքի ակցիա իրականացրին նաև մայրաքաղաքում, բայց պատկան մարմիններից արձագանքներ դեռ չկան։

168.am-ը թեմային ևս մեկ անգամ անդրադարձել է արդեն լոգիստիկ կազմակերպության ղեկավարի հետ զրույցում։

Կարդացեք նաև

«Միգտրանս» լոգիստիկ ընկերության տնօրեն Արման Հովսեփյանը մասնավորապես նշեց՝ հայ բեռնափոխադրողների պահանջը, որը նաև լոգիստիկ ընկերություններին, միջնորդ կազմակերպություններին է առնչվում, օբյեկտիվ է։

«Համամիտ ենք բեռնափոխադրողների պահանջի հետ, որ այսօր ամեն ինչ կախված է նաև միջնորդ կազմակերպություններից, իսկ մենք՝որպես միջնորդ կազմակերպություն, տեսնում ենք, որ շուկայում գներն անկայուն են՝ միայն այն պատճառով, որ 100-ից ավելի ընկերություն աշխատում է վրացական կազմակերպությունների հետ։

Ես միանում եմ իրենց ակցիային, և խորհուրդ ենք տալիս մնացած բոլոր լոգիստիկ ընկերություններին, միջնորդ կազմակերպություններին ևս՝ միանան նրանց ու աշխատեն հայկական մեքենաներով՝ ոչ թե վրացական, թուրքական»,-նշեց Արման Հովսեփյանը։

Նա տեղեկացրեց, որ իրենց կազմակերպությունը հիմնականում համագործակցում է հայ փոխադրողների հետ և շատ հազվադեպ դեպքերում՝ 100-ից 5 դեպքում, օրինակ, կարող է դիմել օտարերկրյա փոխադրողի։

«Բայց կան ընկերություններ, որոնք աշխատում են միայն վրացական մեքենաների հետ․այդ պատճառով տեղի է ունենում մեքենաների լճացում, ու հայկական մեքենաները մնում են կանգնած, իսկ վրացական, բելառուսական, թուրքական ու ղազախական մեքենաները ներխուժումեն հայկական շուկա»,– հավելեց նա։

Տեսանյութեր

Լրահոս