«Փաշինյանը հեծանիվ քշելով Բաքու էլ հասնի՝ խաղաղություն չի լինելու». Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանի հարցերով փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով՝ պաշտոնական Բաքուն հստակ Հայաստանի հանդեպ կիրառում է ուժի սպառնալիքի քաղաքականություն, որն ինչ-որ իրավիճակներում հավասարազոր է ուժի կիրառմանը:

«Ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակոցների վերաբերյալ ապատեղեկատվությունը զուգահեռվում է Ամերիկայի նկատմամբ թիրախավորմամբ. այնպիսի նյութեր են տարածում, թե իբրև ամերիկյան կողմն Իրանի տարածքով զենք է տալիս Հայաստանին: Սա անհեթեթություն է, բայց շարունակում են պնդել: Այնքան գրեց իրենց ՊՆ-ի հետ առնչվող կայքը, որ նախ՝ Հայաստանում ամերիկյան դեսպանատունը ժխտեց այդ տեղեկատվությունը՝ նշելով, որ իրենք, բացի համատեղ զորավարժություններից, որ նախատեսված էր, ուրիշ ոչինչ չեն արել, հետո Բաքվում ԱՄՆ դեսպանը ժխտեց այդ տեղեկատվությունը, անհեթեթություն որակեց դա, նշեց, որ նման մատակարարումներ առհասարակ չեն անում, հետաքրքրված են խաղաղությամբ: Դրանից հետո նույն կայքը հրապարակում է անում, նույնիսկ ԱՄՆ դեսպանից ներողություն է պահանջում, որ անհեթեթություն է որակել մի բան, որը, ըստ այդ կայքի՝ ճշմարտություն է: Այս ամենը շարունակվում է»,-168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Տաթևիկ Հայրապետյանը նկատեց՝ Ադրբեջանում ձերբակալությունների նոր ալիք է.

«Ձերբակալում են այն մարդկանց, որոնք ավելի չեզոք են, կարծում են, որ վարչակարգն օգտագործում է ատելության թեման՝ իր վերարտադրման նպատակներով: Այդ մարդիկ այսօր ձերբակալվում են և մեղադրվում հայերի օգտին լրտեսություն անելու մեջ: Ադրբեջանի վարչակարգը շարունակում է հայերին համարել թշնամի, իսկ իր համար անցանկալի անձանցից ազատվելու համար նրանց կապում է հայերի հետ»:

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ հայկական կողմը պետք է տարբեր մայրաքաղաքների, միջազգային դերակատարների հետ դիվանագիտական աշխատանք տաներ, ասեր՝ ագրեսիան արդարացնում եք, դրա համար այսպիսի իրավիճակ է, բայց չեն անում նման աշխատանք.

«Ադրբեջանը պարզ տեքստով ասում է, որ խաղաղության պայմանագիր չի ստորագրելու, էլ ի՞նչ կերպ ասեն: Հայաստանն անընդհատ ինչ-որ քայլեր է անում այն հույսով, որ Ադրբեջանը թուղթ է ստորագրելու, և բոլոր խնդիրները լուծվելու են: Եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը հեծանիվ է քշում, որովհետև մտայնություն ունի հետո խաղաղության երթով գնա Բաքու հասնի, օրինակ՝ COP29-ին ընդառաջ, նույնիսկ, եթե այդ մտքով է դա անում, դա խաղաղություն չի բերելու, որովհետև հակառակորդ կողմը շահագրգռված չէ քեզ հետ խաղաղության հաստատմամբ, իր խոսույթը բոլորովին այլ է: Ադրբեջանը մեր պետության տարածքը համարում է իր պատմական հայրենիքը և կարծում է, որ պատմական անարդարություն է տեղի ունեցել, և հիմա կարևոր պահ է դա վերափոխելու: Ադրբեջանի քարոզած ատելությունը հայերի հանդեպ չի տարածվել միայն Արցախում ապրող հայերի նկատմամբ, դա, առհասարակ, էթնիկ հային է վերաբերում»:

Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների վարքագծին՝ Տաթևիկ Հայրապետյանը նկատեց՝ հեծանիվ քշելն ամենաչեզոք բանն է, որ ՀՀ իշխանություններն այս փուլում անում են.

«ՀՀ իշխանությունների առաջնահերթությունն այսօր դմակով խաշլաման է դարձել: Այն իրավիճակում, երբ Պուտինն այցելում է Բաքու, դրանից անմիջապես հետո Բայրամովը մեկնում է Անկարա Ֆիդանի հետ հանդիպման, այդ հանդիպման ավարտից անմիջապես հետո նորից Պուտին-Ալիև հեռախոսազանգ է տեղի ունենում, Մոսկվայից հնչում են մեզ համար ոչ բարենպաստ հայտարարություններ, տեքստեր, այս իրավիճակում երկրի վարչապետը կարող է նայել խաշլամային և ասել՝ սա դմակով է, չէ՞: Այս իրավիճակն անհամարժեք է այն ամենին, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում: Եվ եթե քեզ համար դմակով խաշլաման է առաջնահերթություն, նրա համար՝ քո պետության հաշվին իր հարցերը լուծելը: Քո տարածքն է ինքը կոչում այլ անունով, քո պետությունն է թիրախավորում, ապատեղեկատվություն տարածում: Եթե դու դմակով խաշլաման ուտես, դրանով կանխելո՞ւ ես Ադրբեջանի հարվածը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս