2015 թվականին Թուրքիան կունենա երկու նախագահ՝ ի դեմս Էրդողանի ու Օջալանի. թուրք պրոֆեսոր
Թուրքական Akşam թերթի փոխանցմամբ՝ Գազիի համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Ումիթ Օզդաղը հայտարարել է, որ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հիմնադիր և առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, ով 1999 թվականից ցմահ ազատազրկում է կրում Մարմարա ծովի Իմրալը կղզում, ազատ կարձակվի 2015 թվականին:
Պրոֆեսորն իր այս հայտարարությունն արել է Անթալիայի արդյունաբերողների ու գործարարների միության (ANSİAD) 7-րդ ժողովում: Նա ընդգծել է, որ պետությունը հոգեբանական գործողություն է իրականացնում սեփական ժողովրդի դեմ՝ կապված PKK-ի հետ.
«Հենց այդ նպատակով էլ Թուրքիայում ձևավորվել է Իմաստունների հանձնաժողովը:
Օջալանի և PKK-ի հետ տարվող բանակցությունների ամենակարևոր կետը սա է լինելու. ստեղծվելու է նախագահական համակարգով կառավարվող դաշնային Թուրքիա:
Ընդ որում, դա լինելու է ոչ թե 2023 թվականին (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակ), այլ՝ 2015 թվականին, քանի որ այդ ժամանակ բանտից ազատ կարձակվի Օջալանը և այդպիսի իրավիճակում Թուրքիան կունենա երկու նախագահ: Դրանցից մեկը կլինի Էրդողանը, ով կնախագահի Թուրքիայում, իսկ մյուսը՝ Օջալանը, ով կլինի (քրդաբնակ) տարածաշրջանի նախագահը»:
Հիշեցնենք, որ ներկայումս Էրդողանը կտրականապես հերքում է Օջալանին տնային կալանք տալու հնարավորությունը՝ ընդգծելով, որ իրենք բարեկավել են նրա բանտային պայմանները և անգամ նրա բանտախցում տեղադրել են հեռուստացույց, որպեսզի նա կարողանա հետևել Թուրքիայում կատարվող և քուրդ ժողովրդին առնչվող իրադարձություններին:
Ի դեպ, Թուրքիայում նախագահական ընտրությունները կայանալու են 2014 թվականի օգոստոսին: 2012 թվականի հունիսի կեսին Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշեց, որ 2007 թվականին Թուրքիայի նախագահ ընտրված Աբդուլլահ Գյուլը պետք է պաշտոնավարի ոչ թե 5, այլ՝ 7 տարի՝ վերջակետ դնելով դրա շուրջ ծավալված վեճերին:
Բացի այդ, Սահմանադրական դատարանը զարմանալիորեն Գյուլին վերընտրվելու իրավունք տվեց՝ թեև նա 2007 թվականի օգոստոսին Թուրքիայի 11-րդ նախագահ ընտրվեց 7 տարի ժամկետով՝ առանց վերընտրման իրավունքի:
Այն ժամանակ Թուրքիայի նախագահին ընտրում էր խորհրդարանը, մինչդեռ հաջորդ տարի Թուրքիայի նախագահն ընտրվելու է ժողովրդի կողմից՝ «5+5» ձևաչափով. 5 տարի ժամկետով՝ նույն ժամկետով վերընտրվելու հնարավորությամբ: Այս ամենը հնարավոր դարձավ 2007 թվականի մայիսին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) ընդունած և հոկտեմբերի 21-ի հանրաքվեի արդյունքներով (կողմ 69%, դեմ 31%) հաստատված սահմանադրական ուղղումներով: