Հրայր Թովմասյան. Ոստիկանության գործողությունները համաչափ էին

Այսօր ԱԺ-ում Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը լրագրողների հետ ճեպազրույցում համաչափ համարեց երեկ Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից կիրառված գործողությունները:

«Ձեռնարկված բոլոր գործողությունները համաչափ էին այն վտանգներին, որոնք սպասվում էին»,- նշեց Հ. Թովմասյանը, ում խոսքով` «Հավաքների մասին» օրենքում հստակ ասվում է, որ հավանքերի անցկացումը կարող է արգելվել այն վայրերում, որոնք «կխաթարվեն», իսկ այդ վայրերն են` նախագահի նստավայրը, Ազգային ժողովը, քրեակատարողական հիմնարկները:

«Այս պարագայում ոստիկանությունը գտել է, որ այդ հավաքը կխաթարվի: Եթե աշխարհի որևէ երկրում տեսնեք, որ ոստիկանի պահանջը որևէ մեկը չի կատարում, և դրանից հոտո ի՞նչ է կատարվում այդ անձի հետ, դուք նման հարցեր, ըստ էության, չեք տա»,- ասաց Հ. Թովմասյանը:

Նրա ասելով` արդեն 50 օր է` Երևանում պարբերական հավաքներ են անցկացվում, և ընդհանրապես, 2011թ. նոր  օրենքի ընդունումից հետո «արտոնված«, «չարտոնված« հանրահավաքների տերմինները դուրս են եկել մեր բառապաշարից:

Կարդացեք նաև

«Եվ ոստիկանությունը շատ հստակ ու ճշգրիտ է իր ամբողջ ընթացքում իրեն պահել, բայց ոստիկանությունն առաջին հերթին ունի իր խնդիրները, որոնցից է առաջին հերթին հասարակական կարգի պահպանությունը, որը ոստիկանությունն իրականացրել է»,- ընգդծեց Արդարադատության նախարարի պաշտոնակատարը:

Ինչ վերաբերում է երեկ Երևանի Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից լրագրողների նկատմամբ ուժի կիրառմանը, ապա վերջինս ասաց, որ այդ լրագրողները կարող են բողոքարկել:

«Էս պահին ի՞նչ եք ուզում, ուզում եք` ես ինձ դնեմ ոստիկանության ղեկավարի տե՞ղը, և արդեն իսկ որոշում կայացնե՞մ, կամ դատարանի՞ տեղը, և որոշում կայացնե՞մ: Ես դա չեմ անի»,- ասաց Հ. Թովմասյանը:

Նա նաև հավելեց. «Ոստիկանապետի շնորհիվ էր, որ երեկ բախումներ չեղան, որովհետև, ի տարբերություն շատ ու շատ երկրների ոստիկանապետերի և շատ ու շատ պաշտոնատար անձանց, ոչ թե իր կաբինետում էր, այլ գտնվում էր  այնտեղ, որտեղ կար բախման վտանգ»:

Իսկ այն նկատառմանը, թե ընդդիմությունը հայտարարել էր, որ բախման չի տանի հասարակությանը, Հրայր Թովմասյանն ասաց. «Այո’, Րաֆֆի Հովհաննիսյանն իր բոլոր հրապարակային  ելույթներում ասել է, որ բախման չի տանելու, բայց Րաֆֆի Հովհաննիսյանը և իր կողմնակիցները նաև հստակ հասկանում էին և դրա մասին բարձրաձայնել էին, որ հավաքներին կարող են մասնակցել մարդիկ, որոնք այլ նպատակներ ունեն կամ պայքարի  այլ տարբերակներ, այլ ճանապարհներ են տեսնում»:

Տեսանյութեր

Լրահոս