Բաժիններ՝

Նոբելյան մրցանակակիր Մուհամադ Յունուսը նշանակվել է Բանգլադեշի ժամանակավոր կառավարության գլխավոր խորհրդական

Բանգլադեշի ժամանակավոր կառավարության գլխավոր խորհրդական է նշանակվել Նոբելյան մրցանակակիր Մուհամադ Յունուսն այն բանից հետո, երբ վարչապետ Շեյխ Հասինան ցույցերի ֆոնին հրաժարական է տվել և հեռացել երկրից։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Յունուսին այդ պաշտոնին նշանակել է Բանգլադեշի նախագահ Մոհամմեդ Շահաբուդդինը ցույցերի ուսանող առաջնորդների և ռազմական երեք ծառայությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո։ 

84-ամյա Յունուսը և նրա Grameen Bank միկրոֆինանսական կազմակերպությունը Նոբելյան խաղաղության մրցանակի են արժանացել 2006 թվականին Բանգլադեշի աղքատ խավերին 100 դոլարից փոքր չափով փոքր վարկեր տրամադրելու միջոցով միլիոնավոր մարդկանց չքավորությունից դուրս բերելու համար։Յունուսն այժմ բժշկական միջամտության համար գտնվում է Փարիզում և շուտով կվերադառնա Դաքա։

Օգոստոսի 6-ին Բանգլադեշի նախագահը ցրել էր խորհրդարանը՝ ճանապարհ հարթելով ժամանակավոր կառավարության և նոր ընտրությունների համար։ Բացի այդ, տնային կալանքից ազատվել է Բանգլադեշի ընդդիմադիր Ազգայնական կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Բեգում Խալեդա Զիան։Հուլիսից Բանգլադեշում շարունակվող ցույցերի ընթացքում, ըստ AFP-ի հաշվարկների, զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 400-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս