Բաժիններ՝

Իրանը Ռուսաստանից հակաօդային պաշտպանության առաջադեմ համակարգեր է խնդրել. The New York Times

Ռուսաստանը սկսել է հակաօդային պաշտպանության առաջադեմ համակարգեր և ռադարներ ուղարկել Իրանին, որը սպառնացել է վրեժ լուծել Իսրայելից ՀԱՄԱՍ-ի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանության համար։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը (NYT)՝ վկայակոչելով երկու իրանական աղբյուրի, որոնցից մեկը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամ է։ 

Նման տեղեկությունների տարածումից առաջ՝ օգոստոսի 5-ին, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հանդիպել էր Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բրիգադային գեներալ Մոհամմադ Բաղերիի հետ: Թեհրան կատարած այցի ընթացքում Շոյգուն բանակցություններ է վարել նաև Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ։ Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ Շոյգուն հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է Իրանի հետ տարածաշրջանային հարցերի շուրջ լիակատար համագործակցության։

Բաղերին իր հերթին ընդգծել է երկու երկրների «խորը, երկարաժամկետ և ռազմավարական» հարաբերությունները։Իր հերթին, Շոյգուի հետ հանդիպման ժամանակ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի ձգտում տարածաշրջանում պատերազմի ընդլայնման, սակայն Իսրայելն «անպայման պատասխան կստանա իր հանցագործությունների համար»։ 

Մերձավոր Արևելքում իրադրությունը կտրուկ սրվել է հուլիսի 31-ին Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությունից հետո, որին նախորդել էր Բեյրութում իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահ» շարժման բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրի սպանությունը։

Իրանը Հանիյեի սպանության մեջ մեղադրել է Իսրայելին, որը ո՛չ հաստատել է, ո՛չ հերքել իր առնչությունը դրան։ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքը կանգնած է անհայտ մասշտաբների պատերազմի եզրին, և կոչ է արել կանխել հերթական աղետը։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս