Բաժիններ՝

Իրաքում ռազմակայանի վրա հարձակման հետևանքով ԱՄՆ անձնակազմի 5 անդամ է վիրավորվել

Իրաքի ռազմակայաններից մեկի դեմ իրականացված հարձակման հետևանքով ամերիկյան զինվորական անձնակազմի առնվազն 5 անդամ է վիրավորվել։ Այս մասին Reuters-ին հայտնել են ԱՄՆ պաշտոնյաները։

Ըստ իրաքցի երկու աղբյուրների՝ Իրաքի արևմուտքում գտնվող ալ Ասադ ավիաբազայի վրա է արձակվել 2 Կատյուշա հրթիռ, որոնք ընկել են ռազմակայանի ներսում։ Առայժմ պարզ չէ՝ արդյոք այս հարձակումը կապված է Իրանի սպառնալիքների հետ՝ վրեժ լուծել հուլիսի 31-ին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանության համար։

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը օգոստոսի 5-ին իսրայելցի իր պաշտոնակից Յոավ Գալանտի հետ հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել է ալ Ասադ ավիաբազայում տեղակայված ամերիկյան ուժերի վրա հարձակմանը։

Ըստ Պենտագոնի տարածած հաղորդագրության՝ կողմերն ընդգծել են, որ դա «վտանգավոր էսկալացիա է և ցույց է տալիս Իրանի ապակայունացնող  դերը տարածաշրջանում»։ Անցյալ շաբաթ ԱՄՆ-ն Իրաքում հարված էր իրականացրել մի քանի անձանց դեմ, որոնք, ըստ ամերիկացի պաշտոնյաների, ԱՄՆ-ի և կոալիցիայի ուժերի համար սպառնալիք ներկայացնող զինյալներ էին և պատրաստվում էին անօդաչուներ արձակել։ Մերձավոր Արևելքում հակամարտության սրման վտանգը մեծացել է Հանիյեի սպանությունից, ինչպես նաև Բեյրութի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահ» շարժման բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրի սպանությունից հետո։

Իրանը հայտարարել է, որ Հանիյեի սպանության մեջ ԱՄՆ-ն դերակատարում ունի, քանի որ աջակցում է Իսրայելին։ Պենտագոնն իր հերթին հայտարարել է, որ լրացուցիչ կործանիչ ինքնաթիռներ և ռազմանավեր կտեղակայի Մերձավոր Արևելքում՝ նպատակ ունենալով ամրացնել պաշտպանությունն Իրանից, ՀԱՄԱՍ-ից և «Հեզբոլլահ»-ից հնչող սպառնալիքների ֆոնին։ Իրաքում գտնվում է 2500 ամերիկացի զինվորական։ Բաղդադը ցանկանում է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան սեպտեմբերին սկսի զորքերի դուրսբերումը երկրից և մինչև 2025 թ. սեպտեմբերն ավարտի այդ գործընթացը։ Ըստ իրաքյան աղբյուրների՝ որոշ ամերիկյան ուժեր կարող են մնալ խորհրդատուների դերում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս