Բաժիններ՝

Եվրամիությունը չի ճանաչում Վենեսուելայի նախագահի պաշտոնում Մադուրոյի հաղթանակը

Եվրամիությունը հավաստի չի համարում Վենեսուելայի նախագահական ընտրություններում ձայների հաշվարկի պաշտոնական արդյունքները, որոնք հրապարակվել են երկրի Ազգային ընտրական խորհրդի կողմից։ Այս մասին նշվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի տարածած հայտարարության մեջ։ 

Ըստ հայտարարության՝ միջազգային դիտորդները «հստակ մատնանշել են», որ հուլիսի 28-ին Վենեսուելայում անցկացված նախագահական ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին, իսկ Վենեսուելայի ընտրական հանձնաժողովը մինչև այժմ չի հրապարակել ընտրատեղամասերից ստացված արձանագրությունները, որոնք կհաստատեին ընտրություններում նախագահ Նիկոլաս Մադուրոյի հաղթանակը։ 

«Ընտրություններում քվեարկության արձանագրությունների պատճենները, որոնք հրապարակվել են ընդդիմության կողմից և դիտարկվել մի քանի անկախ կազմակերպությունների կողմից, ցույց են տալիս, որ Էդմունդո Գոնսալես Ուռուտիան, ըստ երևույթին, նախագահական ընտրությունների հաղթողն է ձայների զգալի գերակշռությամբ», – նշվում է Բորելի հայտարարության մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտել էր, որ Վենեսուելայում անցկացված նախագահական ընտրությունների հաղթող է ճանաչում ընդդիմության թեկնածու Էդմունդո Գոնսալեսին։

Վենեսուելայի ընտրական խորհուրդը հայտարարել է, որ ձայների 51 %-ով նախագահ է ընտրվել Նիկոլաս Մադուրոն, որը երկրի ղեկավարն է 2013 թվականից։ Սակայն ընդդիմությունը նշում է, որ քվեաթերթիկների շուրջ 90 %-ի՝ իր կողմից իրականացված հաշվարկը ցույց է տալիս, որ ընտրություններում հաղթել է Գոնսալեսը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս