Բաժիններ՝

Կբողոքի ծնողը թե ոչ, հայտնի մանկապարտեզի դեպքով քրեական վարույթն իրականացվելու է. Դավիթ Թումասյան

Երեխաների իրավունքների պաշտպանության գծով միջազգային փորձագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մանկահասակ երեխայի նկատմամբ հանցագործություն կատարելու դեպքում ծնողի կարծիքը ո՛չ որոշիչ է, ո՛չ ուղղորդող, ո՛չ էլ կարող է մեկնաբանվել ի օգուտ մեղադրյալի…..

Եթե հանցագործությունից տուժողը մանկահասակ երեխա է, ապա ՀՀ օրենսդրությունը նրան վերցրել է լրացուցիչ պաշտպանության ներքո, և այդ երեխայի նկատմամբ հանցանք կատարած անձը բոլոր դեպքերում պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության:

ՀՀ քրեական oրենuգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված են այն հանցագործությունները, որոնք կատարած անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության միայն հանցագործությունից տուժածի քրեական հայցի (կենցաղային ձևակերպմամբ՝ բողոքի, դիմումի, հաղորդման) հիման վրա, բացառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերի:

Այդ հոդվածներից են՝ 167-րդ հոդվածի 1-ին մասը (Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելն առանց ծանրացնող հանգամանքների), 171-րդ հոդվածի 1-ին մասը (Առողջությանը թեթև վնաս պատճառելն առանց ծանրացնող հանգամանքների), 172-րդ հոդվածը (Անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), 173-րդ հոդվածը (Անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), 194-րդ հոդվածի 1-ին մասը (Հոգեկան ներգործությունն առանց ծանրացնող հանգամանքների), 195-րդ հոդվածի 1-ին մասը (Ֆիզիկական ներգործությունն առանց ծանրացնող հանգամանքների) և այլն:

Բացառությունը նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով, որի համաձայն՝ անկախ քրեական հայց ներկայացնելուց կամ քրեական հայցից հրաժարվելուց՝ դատախազի նախաձեռնությամբ քրեական հետապնդումն իրականացվում է հանրային կարգով՝

1) ընտանիքում բռնության հատկանիշներով հանցանքներով.

2) ՀՀ քրեական oրենuգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքներով, եթե անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ վնաս պատճառողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը:

Մանկահասակ երեխայի դեպքում կիրառելի է 2-րդ կետով նախատեսվող բացառությունը:

Եթե անձի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է այնպիսի հանացանք կատարելու համար, որը ՀՀ քրեական oրենuգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված չէ, ապա այն քննվում է հանրային մեղադրանքի կանոններով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածն այդ ցանկում չէ, հետևաբար ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը հայց (բողոք) չի պահանջում:

Այս դեպքում կարող է լինել տուժողի հետ հաշտեցման քննարկման հնարավորություն, ինչը մանկահասակ երեխայի դեպքում կրկին արգելված է ՀՀ քրեական օրենսգրքով, որի 82-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե հանցագործությունից տուժողը 14 տարին չլրացած անձ է .., ապա նրա դեմ ուղղված հանցանք կատարած անձը չի կարող հաշտության հիմքով ազատվել քրեական պատասխանատվությունից:

Հետևաբար, անկախ նրանից, թե հայտնի դարձած «մանկապարտեզի դեպքով» ծնողը կբողոքի, թե՝ ոչ, կպաշտպանի «դաստիարակին», թե՝ ոչ, կարդարացնի նրան, թե՝ ոչ, ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒԹՅՆ ԻՐԱԿԱՆՑՎԵԼՈՒ Է ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՀԻՄՔԵՐ ՉԿԱՆ:

Հ.Գ. Մարզպետի աշխատակազմը և ԽՀՄ-ն ԽԻՍՏ ՑԱՆԿԱԼԻ Է ուսումնասիրությամբ պարզեն, թե ինչու է ծնողը երեխայի լավագույն շահին հակառակ գործում, և իր երեխայի պաշտպանելու փոխարեն պաշտպանում մանկավարժական նվազագույն գիտելիքներ և հմտություններ չունեցոող մի անձի: Ավելին, պետք է նաև ուսումնասիրել այդ ծնողի կողմից իր երեխային բռնության ենթարկելու հնարավոր վարկածը, քանի որ անգամ օտար անձի կողմից դրա կիրառումը նրա համար ընդունելի և արդարացված միջոց է…»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս