Բաժիններ՝

Կործանված ընտանիքներ ու քայքայվող հասարակություն. թմրամիջոցների ապօրինի շրջանառության վիճակագրությունը սահմռկեցուցիչ է

Հայաստանում վերջին տարիներին թմրանյութերի շրջանառության ծավալներն այնպիսի աղետալի չափերի են հասել, որ անգամ թմրամիջոցների որոշ տեսակների ազատականացման ջատագով այս իշխանություններն են արդեն մտածում դրանց տարածման դեմ պայքարի համար օրենսդրական նոր մեխանիզմներ գործի դնելու մասին:

Թմրանյութերն այսօր ամենահեշտ ձեռք բերվող «ապրանքատեսակն» են. դրանք ամենուր են՝ յուրաքանչյուր բակի տաղավարի որևէ անկյունից սկսած՝ մինչև կրթական հաստատություններ ու բանակ: Խաղամոլության հետ միասին, այս վարակը խժռում է հասարակությանը, և դրա տարածման տեմպերն ու ծավալները ոչ միայն չեն նվազում, այլև շարունակում են նվաճել նոր հորիզոններ: Տելեգրամային ալիքներով, անգամ շենքերի պատերին նկարված պայմանական նշանների օգնությամբ հեշտությամբ կարելի է գնել ցանկալի չափաբաժինը: Արդյունքում՝ կործանվում են ընտանիքներ, հասարակությունն ու որպես վերջնարդյունք՝ նաև պետությունը:

Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) նախագիծ է ներկայացրել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առնչությամբ: Նախագծի ընդունմամբ կապահովվեն ՀՀ տարածքում առավել խիստ հսկողական մեխանիզմներ համացանցի, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարում։

Թմրամիջոցների հետ կապված վիճակագրությունն իրականում սահմռկեցուցիչ է:

Կարդացեք նաև

2023թ. ընթացքում հանրապետության իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների հետ կապված  հանցագործությունների 5070 դեպք, նախորդ տարվա 2266-ի դիմաց, գրանցվել է աճ 2804 դեպքով կամ 123.7%-ով:

Հանցագործության դեպքերից 2802-ը վերաբերել են թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի իրացմանը, այդպիսով՝ 2022թ. նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է աճ 1771 իրացման դեպքով կամ 171.7 %-ով: (2022թ.` 1031):

2023թ. ընթացքում Հանրապետության տարածքում արձանագրվել է առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների անօրինական շրջանառության 1762 դեպք, ինչը 1076 դեպքով ավելի է նախորդ տարվա համեմատությամբ (2022թ.՝ 686 դեպք):

Իրականում թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի կտրուկ ավելացումը պայմանավորված է ընթացիկ տարվա ընթացքում համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի արձանագրման աճով:

2023թ. ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության 489 դեպք, որոնցից 128-ն իրացման դեպքեր են, իսկ 361-ը՝ ձեռքբերման (2022թ.՝ 134 դեպք, որոնցից 37-ը՝ իրացման, 97-ը՝ ձեռքբերման):

2023 թ. ընթացքում Հանրապետության իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 202 կգ 60 գ տարբեր տեսակի թմրամիջոցներ ()2022թ. 119 կգ 70 գ):

Ըստ նարկոլոգիական ծառայությունների կողմից իրականացվող հաշվառումների՝ տարեցտարի աճում է թմրամիջոցներ օգտագործող անձանց թիվը (2018թ. -6951,  2019թ. -7209, 2020թ. -7392, 2021թ. -7570, 2022թ. -7738):

Սրանք, ի դեպ, ՀՀ ՆԳՆ կողմից նախագծի հիմնավորման և իրավական ակտի անհրաժեշտությունը մատնանշելու համար ներկայացված թվերն են:

Ըստ ՆԳՆ ոստիկանության՝ քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության կողմից իրականացվում են ամենօրյա ստուգումներ՝ նոր բացված, անվանափոխված և փակված թմրամիջոցների վաճառքով զբաղվող համացանցային «խանութներ» հայտնաբերելու համար: Այս պահի դրությամբ վարչության ծառայողների տեսադաշտում են գտնվում թվով 620-ից ավելի խանութներ կամ ալիքներ: Խանութներից բացի, կան նաև 100-ից ավելի զրուցարաններ, որտեղ հիմնականում իրականացվում է թմրամիջոցների գովազդ:

Հենց սա հաշվի առնելով է անհրաժեշտություն առաջացել փոփոխություն և լրացումներ կատարել Քրեական օրենսգրքում։ Նախագծի ուժի մեջ մտնելուց հետո օրենսդրությամբ թիրախավորված կլինեն տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը։ ՆԳՆ-ն ակնկալում է, որ օրենքի նախագծի ընդունմամբ կապահովվեն Հայաստանի Հանրապետության տարածքում առավել խիստ հսկողական մեխանիզմներ համացանցի, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարում։

Ի դեպ, նախագիծն այս պահին դրված է քննարկման: Օգտատերերի գերակշիռ մեծամասնությունը կողմ է հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարը քրեական օրենսդրության սահմաններում խստացնելուն:

Քննարկումը կշարունակվի մինչև օգոստոսի 3-ը:

Տեսանյութեր

Լրահոս