Բաժիններ՝

Անհոգություն, որ առաջ է բերում Աստծու բարկությունը

Արդյո՞ք այսօր մարդը խորհում է հավիտենական կյանքի մասին, պատրաստվո՞ւմ է երկնային բնակության համար, մտածո՞ւմ է, թե ինչպիսի ճամփորդություն է սպասվում իրեն, ինչ պատրաստություն պիտի տեսնի:

Այս մտածումներն իր մտորումների շրջանակո՞ւմ են, թե՞ ոչ, իսկ եթե բացակայում են, և մարդն անհոգ է հավիտենական կյանքի հանդեպ, ապա նմանվում է  փոքրիկ երեխայի, որ հայացքը հառելով խաղալիքներին՝ մոռանում է ամեն ինչ, նույնիսկ՝ ինքն իրեն: Նման անհոգության տրված մարդու ամենամեծ դժբախտությունն այն է, որ մանրուքներով զբաղված լինելով՝ անտեսում է իր համար ամենակարևորը, ինչի արդյունքում այնքան անհիմն է գնահատում իր երկրային ձեռքբերումները կամ կորուստները, և այնքան անուշադիր է այն ամենի հանդեպ, ինչ սպասվում է իրեն հավիտենության մեջ: Այնինչ հավիտենական կյանքը սերտ կապ ունի ներկա կյանքի հետ, ինչպես պտուղը ծաղկի հետ կապ ունի, ծաղիկը՝ ցողունի:

Այստեղ ցանվածը մարդն այնտեղ է հնձելու: «Մարդ ինչ որ սերմանում է, այն էլ կհնձի: Ով որ սերմանում է իր մարմնի անդաստանում, մահ կնհձի իր մարմնից, իսկ ով սերմանում է Սուրբ Հոգու անդաստանում, հավիտենական կյանք կքաղի Սուրբ Հոգուց»,- ասել է սբ. Պողոս առաքյալը (Գաղ. 6:8):

Փրկությունը՝ Աստծու հետ միավորումը հավիտենական կյանքում, ամենակարևորն է, ինչին կոչում է եկեղեցին և ինչին պետք է ձգտի յուրաքանչյուր քրիստոնյա: Որպեսզի մարդն անհոգության չտրվի և իր փրկության համար աղոթի ու գործի, պետք է այն համոզումն ունենա, որ կործանման եզրին է: Մարդը վախենում է մահից, բայց չգիտի, թե ինչ է հոգևոր մահը, ինչ է հավիտենական մահը: Հարությանը նվիրված շարականում գրված է՝  Քրիստոս Իր մահվամբ մահվանը հաղթեց և Իր Հարությամբ մեզ կյանք պարգևեց: Մարդը ժամանակավորապես մահանում է, երբ իր հոգին ծանրաբեռնում է մեղքերով, իսկ՝ հավիտենապես, երբ հոգին դատապարտում է հավիտենության մեջ առանց Աստծու ապրելու: Այս մահից է, որ Քրիստոս փրկեց Իր հետևորդներին: Ամեն անգամ ապաշխարությամբ մարդը վերադառնում է կյանքի, այսինքն՝ փրկվում է ոչ միայն մահից, այլև այն կյանքից, ուր չկա Աստված:

Կարդացեք նաև

Երբեմն նեղություններն ու փորձությունները մարդուն սթափեցնում են և անհոգությունից դուրս բերում: Այս մասին սբ. Հովհաննես Սանդուղքն ասել է. «Ինչպես ջուրն է ճնշումից վեր բարձրանում, այնպես էլ նեղությունից ճնշված հոգին է ապաշխարությամբ դեպի Աստված բարձրանում և փրկվում»: Մարդն, իր ապրելակերպից, մտքերից և խոսքերից ելնելով, հասկանում է, որ արժանի չէ փրկության և միայն Աստծու ողորմության վրա կարող է հույս դնել: Ս. Հովհան Ոսկեբերանն ասել է. «Հոգևորի հանդեպ անհոգությունը մեծ չարիք է, որ զրկում է մարդուն մի շարք բարիքներից և առաջ է բերում Աստծու բարկությունը: Ուստի անհրաժեշտ է եռանդով դառնալ դեպի Աստված և ցույց տալ ամբողջական փոփոխություն: Անգամ կանգնած մարդն է անզգուշությունից ընկնում: Իր փրկության մասին չհոգացող մարդուն ոչինչ չի օգնի, նա օգտակարից էլ օգուտ չի քաղի, իսկ եթե արթուն և զգոն լինի, ապա չարն էլ նրան չի կարող վնասել: Եթե անհոգությանն անձնատուր լինենք, ապա կենթարկենք մեզ պատժի և ուրիշներին էլ կգայթակղեցնենք:

Իսկ հոգևոր ընթացք ունենալու դեպքում՝ հեռու կվանենք մեզանից չարի բոլոր մեքենայությունները: Այսպիսով ընկնում ենք մեղքի մեջ ոչ թե չարի, այլ մեր անհոգության պատճառով: Ինչպես բեռնաթափված և սաստիկ քամիների հոսքին թողնված նավն է շուտով խորտակվում, այնպես էլ անհոգ հոգին է ենթարկվում անթիվ կրքերի: Մարդկային բնությունն անփույթ է և հեշտությամբ է տարվում կործանման ոչ այն պատճառով, որ այդպես է ստեղծվել, այլ կամայական անփութության պատճառով: Չարի խորքերն ընկնելն այնքան սարսափելի չէ, որքան, ընկնելով, դրա մեջ մնալը»:

Հայրերից մեկը պատմել է. «Մի մշակ, որ իր նկատմամբ ուշադիր էր, պատահաբար անհոգության մեջ ընկավ, այդ ժամանակ ինքն իրեն ասաց՝ հոգի՛ իմ, որքա՞ն ժամանակ ես անտեսելու քո փրկությունը, չե՞ս վախենում Աստծու դատաստանից, հավիտենական տանջանքներից: Այս ասելով ինքն իրեն՝ սկսեց աստվածահաճո գործել: Մինչ նա աղոթում էր, դևերը եկան և անհանգստացրին նրան: Նա ասաց նրանց. «Ինչո՞ւ եք ինձ անհանգստացնում, մի՞թե չբավարարվեցիք անցյալի իմ անփութությամբ»: Դևերն ասացին նրան. «Երբ դու նորից ապստամբեցիր մեր դեմ, մենք էլ քո դեմ ապստամբեցինք»: Այս ասելով՝ նա ավելի փութաջան դարձավ աստվածահաճո գործերի մեջ և հարստացավ աստվածային շնորհների մեջ»:

Քրիստոնյայի համար կարևորագույն հարցը փրկության հարցն է: Երբ մարդ գտնվում է կյանքի և մահվան շեմին, ի՞նչն է նրա համար ամենակարևորը: Այժմ մարդիկ գտնվում են հավիտենական կյանքի և հավիտենական մահվան շեմին: Թե այս գծի որ կողմում կհայտնվի մարդը, իր աստվածահաճո կյանքից և Աստծու ողորմությունից է կախված: Ավետարանն այն գիրքն է, որ մեզ ասում է, թե ինչ պետք է անենք՝ փրկություն ձեռք բերելու համար: Ավետարանական պատգամները կյանքի կոչելով՝ մարդ մաքրում է իր հոգին մեղքերից, կրքերից, սովորում է սիրել Աստծուն: Քրիստոնյայի բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն նրան, որ սովորի սիրել Աստծուն և այդ սերն իր կյանքում հաստատի ոչ միայն խոսքով, այլ նաև գործով: Եվ Ավետարանը ցույց է տալիս այդ ամենն անելու ուղին: Փրկության հասնելու համար անընդհատ պետք է ջանք թափել, նման այն այգեգործին, որն այգին անընդհատ մաքրում է մոլախոտերից, իսկ եթե հուսալքվի, տեսնելով անընդհատ աճող մոլախոտերը, և ոչինչ չանի, ապա կկորցնի իր աշխատանքի արդյունքը և հետագայում այգին անպտուղ կդառնա:

Փրկության ճանապարհին քրիստոնյայի համար միակ խոչընդոտը կարող է հանդիսանալ հենց ինքը և իր մեջ առաջ եկած անջրպետը, որ ըստ Սուրբ Գրքի՝ հին ու նոր մարդու միջև է: Մարդու կամքը թեքվում է կամ դեպի հին մարդը, կամ դեպի նորը: Ի վերջո, մարդ ում աջակցի, նա էլ կհաղթի: Աստվածապարգև ազատությամբ մարդը որոշում է ընտրել կա՛մ փրկության, կա՛մ կործանման ուղին:

Ամեն ինչ այս կյանքում փոփոխական է, միայն Աստված է անփոփոխ: Որոշ անձինք փրկության ուղին համարում են ձանձրալի և անհետաքրքիր, քանի որ այդ ամենին նայում են առանց Աստծու: Իսկ երբ մարդ ինքնակամ ապրում է Աստծու ներկայության մեջ, ապա ամեն ինչ նրա կյանքում իմաստավորվում է և ամբողջանում: Փրկությունը Տերը Ինքն է, որ սիրում է մեզ, ուղղակի անհրաժեշտ է սիրով արձագանքել Նրա սիրուն:

Կազմեց Կարինե Սուգիկյանը

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս