Եթե ՔԿՀ ուղեկցողը Դավիթ Տոնոյանին ԱԺ շենքից դուրս գալուց հետո այլ տեղ է ուղեկցել, դատավորը դրա համար պատասխանատո՞ւ է. մեկնարկեց Վահե Դոլմազյանի վերաբերյալ կարգապահական վարույթի քննությունը

Օրեր առաջ 168.am-ը տեղեկացրել էր, որ այսօր՝ հուլիսի 16-ին, Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) կարգապահական վարույթ է քննվելու: Վարույթը կապված է շուրջ մեկ տարի առաջ ՀՀ ՊՆ նախկին նախարար, կալանքի տակ գտնվող Դավիթ Տոնոյանի գործի հետ, երբ վերջինս հնարավորություն է ունեցել ԱԺ տեղափոխվելու ընթացքում տեսնելու մորը: Առիթը Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետ Ամբակում Գրիգորյանի՝ 2024թ. մարտի 20-ի հաղորդումն է դատավորի վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ: Միջնորդությունը ներկայացրել է արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

Այսօր՝ առավոտյան 10:00-ին, մեկնարկեց այդ վարույթի քննությունը, որի ներկա էին ԲԴԽ անդամներ Կարեն Թումանյանը, Էդգար Հովհաննիսյանը, Երանուհի Թումանյանցը, Կարեն Անդրեասյանը, Հայկ Գրիգորյանը, Արթուր Աթաբեկյանը, Արմեն Դանիելյանը, արդարադատության նախարարի ներկայացուցիչները՝ ի դեմս փոխնախարար Լևոն Բալյանի և խորհրդական Արտյոմ Սուջյանի, ու Վահե Դոլմազյանը… Միայնակ, առանց ներկայացուցչի:

Հիշեցնենք, որ 2023թ օգոստոսի 1-ին ԱԺ քննիչ հանձնաժողովին մասնակցելու համար «ԵրևանԿենտրոն» ՔԿՀից ԱԺ տեղափոխվելու ընթացքում Դավիթ Տոնոյանին հնարավորություն էր տրվել այցելել տուն՝ տեսակցելու մորը։ Այդ դեպքից հետո ՔԿԾում պաշտոնանկություններ են արվել՝ «ծառայողական քննությունների» արդյունքում։ Պաշտոնից ազատված անձանցից է եղել նաև ՔԿԾ նախկին պետ Սերգեյ Ատոմյանը։ Այս դեպքը բազմիցս քննարկման առարկա է դարձվել նաև իշխանությունների կողմից։

Տարեսկզբին՝ ՔԿԾ հաշվետվության ընթացքում, Նիկոլ Փաշինյանն անձամբ է խոսել այս դեպքի մասին, ինչին ի պատասխան՝ ՀՀ ԱՆ նախարար Գրիգոր Մինասյանը շտապել է սլաքներն ուղղել նաև դատավորի նկատմամբ՝ նշելով, որ դատավորի կողմից հավելյալ երկու ժամ էր տրվել, և այդ առնչությամբ ուսումնասիրություններ են իրականացվում՝ պարզելու պրակտիկան։

Կարդացեք նաև

Թեմային փետրվար ամսին անդրադարձել էր նաև Դավիթ Տոնոյանը՝ նշելով, որ դատավորի կողմից եղել է մորը տեսնելու թույլտվություն, այսինքն՝ դատարանն իրեն իրավունք էր վերապահել հանձնաժողովի աշխատանքներից դուրս առնվազն երկու ժամ լինել կարճաժամկետ մեկնման մեջ, ինչն էլ օգտագործելով՝ նախընտրել է հանդիպել մորը։ Դեպքից շուրջ մեկ տարի անց ՔԿԾ արդեն գործող պետը հաղորդում է ներկայացրել ՀՀ ԱՆ, որն էլ վարույթի հիմք է դարձել։

«Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված միջնորդության համաձայն՝ դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի՝ Կառավարության 13.04.2023 թվականի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 543-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 195-րդ կետի, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 17-րդ հոդվածի 10-րդ պարբերության խախտումներ, այն է՝ կարճաժամկետ մեկնում տրամադրելու մասին որոշման շրջանակներում մեկնման վերադարձի համար անհրաժեշտ ժամանակ տրամադրելու և մեկնման իրականացման եղանակը որոշելու լիազորության բացակայության պայմաններում լուծել է այդ հարցերը, մասնավորապես՝ ԱԺ շենքից մինչև ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ տեղաշարժվելու համար դատարանը սահմանել է օբյեկտիվորեն անհարկի երկար` 2 ժամ ժամանակ, ինչպես նաև սահմանել է, որ մեկնումը պետք է իրականացվի առանց ձեռնաշղթայի կիրառման»,- Վահե Դոլմազյանի վերաբերյալ կարգապահական վարույթի քննարկման ժամանակ միջնորդությունը ներկայացնելիս ասաց արդարադատության նախարարի ներկայացուցիչ Արտյոմ Սուջյանը՝ նշելով, որ նշված խախտումները հանգեցրել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտման:

Այնուհետև Վահե Դոլմազյանը հարցեր ուղղեց նախարարի ներկայացուցիչներին: Մասնավորապես, նրան հետաքրքրում էր՝ արդյո՞ք ներկայացված միջնորդության եզրափակիչ մասը համապատասխանում է «Դատական օրենսգրքին», կամ պահպանվե՞լ է արդյոք դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու ընթացքը: Վերջին հարցը շփոթության մեջ գցեց Արտյոմ Սուջյանին:

«Իմ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու որոշումը կայացվել է 2024թ. ապրիլի 15-ին, ԲԴԽ դիմելու որոշումը՝ հունիսի 17-ին: Ուղարկվել է հունիսի 20-ին: Միայն որոշումների կայացվելու ամսաթվերից կարող ենք ենթադրել, որ 2 ամիսը պահպանված չէ: Պետք է ուղարկվեր հունիսի 15-ին»,- պարզաբանեց դատավոր Դոլմազյանը, ինչին ի պատասխան՝ նախարարի ներկայացուցիչ Սուջյանը որոշակի պարզաբանումներ ներկայացրեց:

Դոլմազյանն առարկություններ ուներ այն խնդրի վերաբերյալ, որ ինքը կարճաժամկետ մեկնման համար երկար ժամանակ է սահմանել, ասաց, որ օրենքը ժամկետը չի կարգավորում:

«Եթե քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ուղեկցողն ինչ-ինչ պատճառներով Դավիթ Տոնոյանին ԱԺ շենքից դուրս գալուց հետո որևէ այլ տեղ է ուղեկցել, արդյո՞ք դատավորը դրա համար պատասխանատու է»,- ասաց Վահե Դոլմազյանը:

Արտյոմ Սուջյանը նկատեց՝ մեղավոր քրեակատարողական ծառայողները պատժվել են, իսկ արարքը կատարելու հնարավորություն ունեցել են դատավորի կայացրած որոշման արդյունքում, ինչն էլ իրավախախտում է: Կարճ ասած՝ 2 ժամը  շատ էր: Դոլմազյանն առարկեց՝ դատավորը որևէ պատասխանատվություն չի կրել Դավիթ Տոնոյանի շարժի համար:

Կարեն Անդրեասյանը պարբերաբար ընդհատում էր Վահե Դոլմազյանին, հիշեցնում, որ այս փուլում ինքը կարող է միայն հարցեր տալ, իսկ դիրքորոշում ու առարկություններ կարող է ներկայացնել այլ փուլերում: Բայց ինքը ևս հարց ուղղեց Սուջյանին:

«Այնուամենայնիվ, ես էլ չեմ կարողանում հասկանալ՝ ի՞նչ ժամկետ պետք է նշեր դատավորը, գոհացներ տվյալ դեպքում նախարարությանը: Ու ընդհանրապես դատարանն ինչի՞ է խառնվում դատարանի հայեցողության լայն շրջանակին: Փախո՞ւստ է տեղի ունեցել, ինչ-որ ռի՞սկ է եղել… Ի՞նչն է խնդիրը, որ որոշել է, որ այս հարցն այս ընթացքը պիտի ունենա»,- ասաց ԲԴԽ նախագահը:

Առհասարակ Կարեն Անդրեասյանի այս ձևական հարցադրումները շատ զվարճալի են, երբ թվում է՝ ինքը դատավորի կողմից է, բայց վերջում կողմ է քվեարկում ամենախիստ պատժամիջոցին: Նույնը նաև տեղի ունեցավ տառացիորեն օրերս՝ Արթուր Ստեփանյանի վերաբերյալ վարույթի քննության ժամանակ: Թեպետ չի բացառվում, որ այս դեպքում անկեղծ էր, որովհետև, ի վերջո, չմոռանանք, որ Վահե Դոլմազյանն այն դատավորն է, որը շարունակաբար տարուց ավելի կալանքի տակ է պահում քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին: Ուրեմն այս փուլում միգուցե դեռ պե՞տք է:

Արտյոմ Սուջյանի պատասխանը պակաս զվարճալի չէր. ասաց՝ իրենց ենթակայության տակ գտնվող հիմնարկը հաղորդում է ներկայացրել, որ դատավորը ոչ իրավաչափ որոշում է կայացրել, իրենք էլ ընթացք են տվել:

Կարեն Անդրեասյանը, այնուամենայնիվ, այդպես էլ չհասկացավ՝ ի՞նչն է նախարարությանն այդպես անհանգստացրել:

«Ըստ նախարարության ճաշակի՝ դատավորն ի՞նչ գրեր, որովհետև եթե, ինչպես Դուք եք ասում, գրեր՝ անհապաղ, կստացվեր լիազորությունների վերազանցում»,- ասաց նա:

Նախարարի ներկայացուցչին հարցեր ուղղեցին նաև Հայկ Գրիգորյանը, Երանուհի Թումանյանցը, Կարեն Թումանյանը, Էդգար Հովհաննիսյանը, Արթուր Աթաբեկյանը՝ թերևս ցանկանալով փաստել, որ իրենք միայն կողմ քվեարկող չեն, կարող է նաև հարց տալ: Բոլորն էլ, ըստ էության, հանդես եկան դատավորի օգտին, ինչից հետո պատասխան խոսքով ելույթ ունեցավ Վահե Դոլմազյանը:

Իրականում բոլորովին էական չի՝ ինչ ընթացք ու ավարտ կունենա այս գործը. Պարզ է՝ վարույթը որպես մահակ է կախված Վահե Դոլմազյանի գլխին՝ վերահսկողության տակից հանկարծ դուրս չգալու համար: Բայց եթե քաղաքական որոշում եղավ՝ Դավիթ Տոնոյանի անձով պայմանավորված, նրան վատություն անելու համար՝ անկախ նրանից, որ մարդն ընդամենը մի քանի րոպեով մորն է տեսել, Վահե Դոլմազյանը կարող է վստահ լինել՝ ինքն անպայման կզրկվի դատավորի պաշտոնից: Աննա Դանիբեկյանի դեպքը՝ վառ օրինակ:

Տեսանյութեր

Լրահոս