Բաժիններ՝

«Դորիանս»-ի և Սիրոշոյի անակնկալը (տեսանյութ, ֆոտոշարք)

Այսօր երգչուհի Սիրուշոն և «Դորիանս» ռոք խումբը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում ներկայացան «Միասին մեկ բեմում» համերգային ծրագրով, որը, սակայն, սկսվեց կես ժամ ուշացումով:

Համերգի առաջին հատվածում հնչեցին «Դորիանս» ռոք խմբի կատարումները, մասնավորապես Lonley planet երգը, որով խումբը շուտով ներկայանալու է «Եվրատեսիլ 2013»-ին:

Համերգի առաջին կեսը խումբն ավարտեց «Ես կուլամ» հայտնի երգով, որն ավելի շուտ հանդիսատեսը երգեց, քան՝ խմբի մենակատար Գոռ Սուջյանը:

Համերգի երկրորդ հատվածում ոչ միայն փոփ, այլև՝ ժողովրդական ու գուսանական երգերով հանդես եկավ Սիրուշոն: Առաջին՝ «Քելե-քելե» երգը կատարելուց հետո երգչուհին խոստովանեց, որ ցանկանում է, որ այս պահը հավերժ իր հետ մնա: Ի դեպ, դահլիճում ներկա էին նաև Սիրոշոյի մայրը՝ երգչուհի Սյուզան Մարգարյանն ու հայրը՝ դերասան Հրաչյա Հարությունյանը:

Երգչուհին, միանգամայն անսպասելի, իր հանդիսատեսի համար ռոքային գործիքավորմամբ կատարեց «Հավատում եմ» ստեղծագործությունը: Իրենց երկրպագուների համար երգիչները, ինչպես և բազմիցս խոսվել է, անակնկալ էին պատրաստել: Նրանք համադրել էին փոփն ու ռոքը՝ երգելով միմյանց երգերը. Սիրուշոն կատարեց «Դորիանս»-ի «Ես կուլամ» երգը, իսկ «Դորիանս»-ը երգեց Սիրուշոյի «Պռեգոմեշ»-ը:

Հիշեցնենք, որ համերգը կազմակերպել է Deem Communications ընկերությունը, որը նախօրոք հայտարարված մրցույթի հաղթողին հնարավորություն ընձեռեց սիրելի երգիչների հետ շփվել նաև ետնաբեմում:

 

Մանրամասները 168.am-ի տեսանյութում

Լուսանկարները՝ Գոհար Արամյանի

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս