Ազատի հրդեհի գործով ի հայտ են գալիս նոր հանգամանքներ, պատասխաններ ստանալու փոխարեն, տուժողների մոտ հարցեր են առաջացել. Նորայր Նորիկյան
Ավելի քան մեկ տարի առաջ Ազատ գյուղի տարածքում տեղակայված ինժեներասակրավորական վաշտի զինվորական կացարանում 15 զինծառայողի կյանք խլած ողբերգական հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հարազատներն, շուտով կլրանա մեկ տարին, որ դատական գործընթացների մեջ են, բայց դեռ չեն ստացել հիմնական հարցերի պատասխանները՝ ո՞ւմ պատճառով կամ ինչո՞ւ զոհվեցին իրենց երեխաները։
168.am-ի հետ զրույցում Ազատ գյուղում տեղակայված զորամասի հրդեհի հետևանքով մահացած զինծառայողների հարազատների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը խոսելով ընթացող դատական նիստերից, ասաց, որ առաջիկա ուրբաթ օրը տեղի է ունենալու դատական հերթական նիստը՝ Գեղարքունիքի մարզի Առաջին ատյանի դատարանի Սևանի նստավայրում։
«Ըստ էության տոժողների հարցաքննության փուլում ենք։ Դրան զուգահեռ՝ մեղադրյալը՝ Եղիշե Հակոբյանը, ով, ըստ քրեական վարույթի նյութերի, ինքն է վառել վառարանը, որից էլ բռնկվել է կացարանի հրդեհը, ցուցմունք է տալիս»,- նշեց Նորայր Նորիկյանը։
Փաստաբանի խոսքով՝ որոշակի նոր հանգամանքներ կան այն առումով, որ ըստ Եղիշե Հակոբյանի, դեպքից մի քանի ժամ առաջ կացարանում զինվորների և սպաների միջև վեճ է տեղի ունեցել։
«Եթե մինչ այս պահը Եղիշե Հակոբյանը նշում էր, որ միայն ինքն է վառել վառարանը, այդ պահին միայն ինքն է եղել կացարանի այդ հատվածում, վերջին երկու նիստերի ընթացքում իր տված ցուցմունքի բովանդակությունից պարզվում է, որ իր հետ եղել են երկու զինծառայողներ, մասնավորապես, տուժող ճանաչված Լևոն Խառատյանը և օրվա հերթապահը՝ Ռադիկը։ Հերթապահին արդեն մեղադրանք է առաջադրված՝ անջատված մասով քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Գիտենք, որ այս գործով անջատված մաս կա, որն այս պահին քննվում է։ Հիմա այս գործով հերթապահին մեղադրանք է առաջադրված»,- հավելեց Ն. Նորիկյանը։
Ըստ մեր զրուցակցի, զոհվածների ծնողները խիստ դժգոհ են և՛ դատաքննության ընթացքից, և՛ անջատված մասով գործի քննության ընթացքից, քանի որ արդյունքները ոչ միայն տեսանելի չեն, այլև դրանք չեն բավարարում ծնողներին։
«Որևէ վարկածի շուրջ, արդյունավետության տեսանկյունից, չկա որոշակիություն, ճիշտ հակառակը՝ տուժողի և մեղադրյալի ցուցմունքների բովանդակությունից պարզվում է, որ փաստորեն 1,5 տարվա ընթացքում ի հայտ են գալիս հանգամանքներ, որոնք նոր են պարզվում։ Այսինքն՝ զինվորների ու սպաների միջև եղած վեճը, Եղիշե Հակոբյանի հետ եղած մարդկանց առկայությունը։ Ավելին՝ մենք նոր ենք պարզում, որ դեպքից մի քանի ժամ առաջ ծնողներից մեկն է եղել դեպքի վայրում։ Ստացվում է, որ պատասխաններ ստանալու փոխարեն՝ տուժողների մոտ էլ ավելի հարցեր են առաջացել գործի շրջանակներում»,- եզրափակեց Նորայր Նորիկյանը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3-ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն: