«Ակնհայտ է՝ հրդեհը բռնկվելուց առաջ զինծառայողներն ի վիճակի չեն եղել իրենց պաշտպանելու, անկարող են եղել». Նորիկ Նորիկյան
2023 թվականի հունվարի 19-ին Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում տեղի ունեցավ հրդեհ, որի հետևանքով զոհվեց 15 զինծառայող։ Այդ գործով դատական նիստերը շարունակվում են։
Ազատ գյուղում տեղակայված զորամասի հրդեհի հետևանքով մահացած զինծառայողների հարազատների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը ցանկանում է, որպեսզի այդ գործով դատական նիստերը ստանան լայն լուսաբանում և նիստերի դահլիճում հնչեցրած ամեն խոսք հասանելի լինի հասարակությանը, քանի որ գործն ունի մեծ հնչեղություն։
«Իմ ցանկությունն է, որպեսզի մեր լրատվամիջոցները հնարավորության դեպքում դատական նիստերը լուսաբանեն՝ հաշվի առնելով այս գործի հետ կապված մեր հասարակության հետաքրքրությունը։ Ցավոք, վերջին 7-8 նիստերի ընթացքում լրատվամիջոցներն ինչ-ինչ պատճառներով չեն մասնակցում, ինչը լուրջ անհանգստություններ է առաջացնում, որովհետև այս գործի վերաբերյալ հանրությունը չի ստանում դատաքննության ընթացքում եղած բազմաթիվ տեղեկություններ։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 8-ին, ժամը 14։00-ին Գեղարքունիքի մարզի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Սևան քաղաքում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Նորայր Նորիկյանը։
Խոսելով բուն գործի մասին, Նորայր Նորիկյանը տեղեկացրեց, որ նախորդ դատական նիստում տեղի է ունեցել վերջին ականատես վկայի՝ Ռադիկ Մարտիրոսյանի հարցաքննությունը, ով եղել է այդ օրվա հերթապահը։
«Այս անձը տվյալ գործից անջատված գործով մեղադրյալ է նաև։ Բնականաբար, վկայի հարցաքննությունը դատարանում նոր է սկսվել։
Օգոստոսի 23-ին տեղի ունեցած դատական նիստում դատարանի կողմից որոշում էր կայացվել երկու մեղադրյալների նկատմամբ կայացրած խափանման միջոց կալանքը փոխարինել այլընտրանքային խափանման միջոցով։ Տնային կալանք և համակցված խափանման միջոց է կիրառվել՝ բացակայելու արգելքը։ Տուժողները դրա հետ համաձայն չէին, ինչպես նաև հանրային մեղադրողը։ Իմ և հանրային մեղադրողի կողմից բերվել էին հատուկ վերանայման բողոքներ, որոնք Վերաքննիչ քրեական դատարանի որոշումներով բավարարվել էին, և մեղադրյալներ Գոռ Աղեկյանը՝ զորամասի հրամանատարի տեղակալը, և կոմունալ շահագործման ծառայության պետը կրկին կալանավորվել են և գտնվում են համապատասխան քրեակատարողական հիմնարկում»,- ասաց Նորայր Նորիկյանը։
Ըստ փաստաբանի, գրեթե ավարտվում է ողջ մնացած և հրդեհի վայրում գտնված զինծառայողների հարցաքննության փուլը։ Այս փուլի ավարտից հետո արդեն տեղի կունենա զորամասի հրամանատարի հարցաքննությունը, ինչպես նաև ԱԻՆ հայտնի գնդապետը կհարցաքննվի, ով հրդեհից հետո Հանրայինի եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել էր, թե տեսել են, որ մահացած զինծառայողները կացարանում մահճակալների վրա են եղել, ինչը, իհարկե, հետո հերքվեց։ Կհարցաքննվեն և դատարանում ցուցմունք կտան նաև մի քանի բարձրաստիճան զինծառայողներ, իսկ այդ ամենից հետո՝ արդեն դատաբժիշկները և փորձագետները։
«Մենք ապացույցների ծավալը մեծացնելու միջնորդությամբ հանդես կգանք։ Չեմ բացառում, որ տուժող կողմը հանդես գա տեղում քննչական փորձարարություն անցկացնելու միջնորդությամբ։ Ինչպես նաև կախված դիակների դատաբժշկական փորձաքննություն իրականացնող փորձագետների հարցաքննության բովանդակությունից, չեմ բացառում, որ այլ միջնորդություն կներկայացնենք, դրա մասին այս պահին վաղաժամ եմ համարում որևէ տվյալ հաղորդել»,- հավելեց փաստաբանը։
Նորայր Նորիկյանը նաև տեղեկացրեց, որ Վարդան Ղուկասյանի կողմից վերջերս արված և աղմուկ բարձրացրած հայտարարությունն ուղարկել են վարույթ իրականացնող մարմնին, որոշակի գործընթացներ իրականացնելու համար՝ այդ հայտարարությունը հերքելու կամ հաստատելու առումով։
Վարույթ իրականացնող մարմնից ստացել է գրություն, որ այդ ուղղությամբ հիմա քննություն է ընթանում։
«Խոսքը վերաբերում է Վարդան Ղուկասյանի այն հայտարարությանը, որ այս դեպքից 3 օր առաջ, Արցախի Հնարապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը Իվանյանում հանդիպել է Ադրբեջանի ԱԱԾ փոխտնօրենին, որտեղ քննարկում է տեղի ունեցել Արցախում հանքերի շահագործումը դադարեցնելու, տեխնիկաները դուրս բերելու և Ադրբեջանին հանձնելու մասով։ Իբրև թե քննարկվել է, թե այդպես անելու դեպքում դա մեծ աղմուկ կհանի, և որպեսզի այդ աղմուկը մեծ չլինի, անհրաժեշտ է որևէ աղմկոտ բան անել»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Նա նաև ընդգծեց՝ զոհվածների ծնողները չափից դուրս դժգոհ են թե՛ անջատված մասով քննության ընթացքից, թե՛ դատարանում ընթացող քննության արդյունքներից։
«Ակնհայտ է մեկ բան՝ այդ հանցագործությունը չի բացահայտվել, կամ առնվազն չի փարատել ծնողների և հասարակության կասկածներն ու մտահոգությունները։ Արձանագրում ենք, որ վարույթ իրականացնող մարմինն այդպես էլ չհերքեց այլ վարկածների գոյությունը, անխոցելի մեղադրանք չներկայացրեց, որպեսզի հանրության մոտ անպատասխան հարցեր չմնային։ Տեսնենք, թե ընթացքն ինչպիսին է։
Մենք ակնկալում ենք, որպեսզի մեղադրյալները խոսեն, մասնավորապես՝ Եղիշե Հակոբյանը կամ մյուս մեղադրյալները, որոնք եթե բան ունեն ասելու, պարզ ներկայացնեն հանրությանը, որպեսզի հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել։
Որպես տուժողների լիազոր ներկայացուցիչ՝ կարող եմ ընդամենը մեկ բան ասել՝ վկաների ցուցմունքները, դրանց համադրումը գործի փաստական հանգամանքների հետ ինձ բերել են մի խորը համոզման, որ նախ ժամանակագրական առումով մեկը մյուսի ցուցմունքներին հակասում են։ Նաև դրանք բերել են մի համոզման, որ հրդեհը բռնկվելուց առաջ, ակնհայտ է, որ զինծառայողները չեն ունեցել համապատասխան ներուժ, գիտակցություն, ի վիճակի չեն եղել իրենք իրենց պաշտպանելու, այսինքն՝ անկարող են եղել։ Թե հիմա ի՞նչ է տեղի ունեցել հրդեհից առաջ, միտումնավո՞ր է հրդեհ եղել, ինչ-որ բանի հետքեր թաքցնելու համա՞ր, թե՞ ոչ, վարույթ իրականացնող մարմնի սուրբ պարտականությունն է՝ սա ճշտել»,- եզրափակեց Նորիկ Նորիկյանը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3-ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն: