Եղիշե Հակոբյանը պիտի խոսի. հանրությունը պետք է իմանա՝ ի վերջո, ինչը կամ ով խլեց 15 երիտասարդ տղայի կյանք
Քիչ առաջ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սևանի նստավայրում ավարտվեց Վարդենիսի Ազատ գյուղի զինվորական կացարանի՝ 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով հերթական դատական նիստը, որը, ինչպես միշտ, անցնում էր բավականին լարված մթնոլորտում:
Այսօրվա դատական նիստում վկաների հարցաքննությունը շարունակվում էր: Հարցաքննվեց Պաշտպանության նախարարության հակահրդեհային անվտանգության ծառայության նախկին պետը, ով աշխատանքից ազատվել էր հենց դեպքի օրը:
Մինչ հարցաքննությունը հայտարարությամբ հանդես եկավ գլխավոր մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանը, ով ասաց, որ տուժող կողմի պաշտպան Նորայր Նորիկյանին ասելու բան ունի, դատարանին խնդրեց թույլ տալ առանձին հանդիպել վերջինիս հետ:
Դատարանը բավարարեց միջնորդությունը, և Նորայր Նորիկյանը, ինչպես նիստի ժամանակ, այնպես էլ դատական նիստից հետո տված ճեպազրույցի ընթացքում ասաց՝ առաջիկա օրերին քրեակատարողական հիմնարկում կհանդիպի Եղիշե Հակոբյանի հետ, և հույս ունի, որ վերջինիս ասածները լույս կսփռեն այս սարսափելի ոճրագործության վրա:
Այս դատավարությանը հետևողները կփաստեն, որ հրդեհի ու 15 զոհերի պատմության մեջ մութ կետերը շատ են, և դրանցից ամենամութն ու բոլորին հուզողն այն հարցն է, թե ինչու հրդեհի ժամանակ 15 զինվորներից որևէ մեկը չի արթնացել, չի փորձել փրկվել կրակի ճիրաններից:
Եվ որքան էլ Եղիշե Հակոբյանն ասում է՝ մեղավորն ինքն է, ինքն է բենզինով տարան թափել, որից հրդեհ է բռնկվել, միևնույն է, դրանից վերոբերյալ հարցը պատասխան չի ունենում:
Եղիշե Հակոբյանը յուրաքանչյուր դատական նիստի ընթացքում սարսափելի հոգեվիճակում է գտնվում, և իրավասու պատկան մարմինները պետք է աչքի լույսի պես պահպանեն վերջինիս անվտանգությունն ու հետևեն նրա առողջական վիճակին, պատասխանատվություն կրեն նրա կյանքի ու առողջության համար: Եղիշե Հակոբյանն անպայման պետք է խոսի. հանրությունը պետք է իմանա՝ ի վերջո, ինչը կամ ով խլեց 15 երիտասարդ տղայի կյանք: