Բաժիններ՝

ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, Ուկրաինան պետք է լինի օրակարգում․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, բայց առկա հարցերի ողջ շրջանակի շուրջ, ներառյալ Ուկրաինայի հակամարտությունը և դրանում Վաշինգտոնի ներգրավվածությունը:

«Ռուսաստանի նախագահը խոսել է երկխոսության հեռանկարների մասին և ասել, որ մենք պատրաստ ենք Միացյալ Նահանգների հետ երկխոսության, մենք շահագրգռված ենք Միացյալ Նահանգների հետ երկխոսության, բայց միայն համապարփակ երկխոսության հարցում: Կուտակված խնդիրների ընդհանուր համալիրից առանձին հատվածներ անհնար է պոկել, և մենք դա չենք անի», – ասել է Պեսկովը լրագրողներին։

«Ուստի մենք բաց ենք երկխոսության համար, բայց` ընդարձակ, համալիր երկխոսության, որն ընդգրկում է բոլոր հարթությունները, այդ թվում՝ ներկայիս հարթությունը, որը կապված է Ուկրաինայի շուրջ հակամարտության հետ, կապված է այս հակամարտությունում ԱՄՆ-ի անմիջական ներգրավվածության հետ և այլն», – հավելել է նա:

Ըստ ՌԴ նախագահի խոսնակի՝ երկխոսությունն, ընդհանուր առմամբ, չափազանց պահանջված է, այն «անհրաժեշտ է, քանի որ կուտակվում են խնդիրներ, և կան բազմաթիվ խնդիրներ՝ կապված անվտանգության գլոբալ ճարտարապետության հետ»։

Այսպես է նա մեկնաբանել ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի այն հայտարարությունները, թե Վաշինգտոնը բաց է Մոսկվայի հետ միջուկային ռիսկերի և սպառազինությունների նկատմամբ վերահսկողության շուրջ բանակցությունների համար՝ առանց դա ուկրաինական օրակարգի հետ կապելու։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս